12 նոյեմբերի 2010 - 18:31 AMT
2011 թվականի Հայաստանի ֆուտբոլի առաջնությանը 9 թիմեր կմասնակցեն

Նոյեմբերի 12-ին կայացավ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստը, որն անցկացրեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նիստի ընթացքում քննարկվեցին մի քանի հարցեր, այդ թվում` Հայաստանի Բարձրագույն Լիգայի ակումբների քանակի փոփոխության հարցը:

Նիստի ժամանակ որոշվեց, որ «Շիրակը», որը 2010 թվականի Հայաստանի առաջնությունում վերջին` 8-րդ տեղն է զբաղեցնում, չի լքի Բարձրագույն լիգան:

«Շիրակը» նոր հովանավոր ունի, որը լայնամասշտաբ աշխատանք է իրականացնում ակումբի ենթակառույցներում և նպաստում Շիրակի մարզում ֆուտբոլի զարգացմանը: Եվ «Շիրակ» ակումբը իրավունք է ստանում ելույթ ունենալ Հայաստանի Բարձրագույն Լիգայում»,- PanARMENIAN.Net-ին հաղորդել են ՀՖՖ մամլո ծառայությունից:

Մինչև առաջնության ավարտը մեկ տուր է մնացել, և շիրակյան թիմն անգամ հաղթանակի դեպքում չի կարող բարձրանալ վերջին տեղից:

Այսպիսով, Հայաստանի 2011 թվականի առաջնությանը բացի «Շիրակից» կմասնակցեն ևս 8 թիմեր` Բարձրագույն Լիգայի 7 թիմեր և «Արարատը», որը ժամկետից շուտ ապահովեց երկրի Առաջին Լիգայի ոսկե մեդալները: