ՀՀ վարչապետը Բրյուսելում քննարկեց ԵՄ հետ տնտեսական համագործակցության զարգացման հարցեր

ՀՀ վարչապետը Բրյուսելում քննարկեց ԵՄ հետ տնտեսական համագործակցության զարգացման հարցեր

PanARMENIAN.Net - Երեկ` ուշ երեկոյան, ավարտվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության մեկօրյա աշխատանքային այցը Բրյուսել: Կառավարության ղեկավարը նախ անձնական հանդիպում ունեցավ Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ, Եվրոպական խորհրդարանի անդամ Խայիմ Մայոր Օրեխայի հետ։

Վարչապետի հաջորդ հանդիպումը Եվրոպական Միության hանձնաժողովում էր, որտեղ Տիգրան Սարգսյանը հանդիպեց Եվրամիության առևտրի հարցերով հանձնակատար Կարել դը Գուխտի հետ։ Հանդիպման օրակարգում Հայաստան- ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների ընթացքն ու հեռանկարներն էին: Կառավարության ղեկավարը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության տնտեսության ներկա վիճակն ու համակողմանիորեն անդրադարձավ մեր երկրում ընթացող բարեփոխումներին: Նշվեց, որ առկա համագործակցությունը դրված է ինստիտուցիոնալ ամուր հիմքերի վրա և ներառում է բոլոր առաջնահերթ ոլորտները, որտեղ կառավարությունն իրականացնում է բարեփոխումներ: Այդ համատեքստում կարևորվեց ԵՄ օժանդակությունը, որ հնարավորություններ է ստեղծում բարեփոխումների իրականացման ու մասնավորապես կարողությունների ամրապնդման համար: Զրուցակիցներն անդրադարձան ԵՄ-ի հետ խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրի կարևորությանը և ներկայացրեցին բանակցություններ սկսելու վերաբերյալ կողմերի պատկերացումները: Երկուստեք շեշտվեց Հայաստանում ընթացող բարեփոխումներին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը: Հանդիպման ավարտին վարչապետը Կարել դե Գուխտին փոխանցեց Հայաստան այցելելու ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը:

Այնուհետև Տիգրան Սարգսյանն իր կեցավայրում ընդունեց Բելգիայի առաջատար ադամանդագործական ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպման օրակարգում մեր երկրում առկա ներդրումային հնարավորություններն էին ու ՀՀ կառավարության ոլորտին ուղղված աջակցության հարցը, որը վերաբերում է հումքային խնդիրների երկարաժամկետ ու կայուն կանոններով լուծմանը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հարաբերություններն ինստիտուցիոնալ մակարդակի բարձրացնելու վերաբերյալ:

Վարչապետ Սարգսյանն աշխատանքային այցի ավարտին եղավ «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության գրասենյակում, ծանոթացավ կառույցի գործունեությանը, ինչպես նաև մասնակցեց Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության հարցերին նվիրված քննարկմանը, որին ներկա էին Հարավային Կովկասի երկրների հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, Բելգիայի Թագավորությունում հավատարմագրված մի շարք պետությունների և հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ ու վերլուծաբաններ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---