15 նոյեմբերի 2010 - 11:48 AMT
«Փյունիկը» տասներորդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի չեմպիոն

Նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ Հայաստանի առաջնության վերջին տուրը և տասներորդ անգամ անընդմեջ ոսկե մեդալներ նվաճեց «Փյունիկը»:

28-րդ տուրում Վարդան Մինասյանի սաները խաղացին «Կիլիկիայի» հետ և միայն շնորհիվ 11-մետրանոց հարվածի, որը 67-րդ րոպեին իրացրեց Մարկոս Պիզելին, կարողացան հաղթել: Բրազիլացի ֆուտբոլիստը խփեց իր 16-րդ գնդակը և իր խփած գոլերի քանակով հավասարվեց իր թիմակից Գևորգ Ղազարյանին:

Առաջնության արծաթե մեդալակիրը դարձավ «Բանանցը», որը 2:1 հաշվով հաղթեց «Շիրակին» և ետ մնաց չեմպիոնից մեկ միավորով՝ հավաքելով 64 միավոր:

Բրոնզե մեդալը առաջնության ավարտից 2 տուր առաջ ապահովեց իր համար «Ուլիսը», որը վերջին տուրում 3:2 հաշվով հաղթեց «Միկային», որն ավարտեց առաջնությունը 4-րդ տեղում 46 միավորով:

«Իմպուլսը», որն այս տարի առաջին անգամ մասնակցեց Բարձրագույն լիգայի խաղերին, զբաղեցրեց 5-րդ տեղը, 6-8 տեղերը զբաղեցրին »Գանձասարը», «Կիլիկիան» ու «Շիրակը» համապատասխանաբար: