15 նոյեմբերի 2010 - 13:52 AMT
Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբերը պատրաստ են դիմագրավել նոր մարտահրավերներին

Նոյեմբերի 13-ին, Փարիզի Հայ մշակոյթի տանը տեղի ունեցավ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովը` մասնակցությամբ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Հոլանդիայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի ՀՅԴ մարմինների եւ Հայ Դատի հանձնախմբերի ներկայացուցիչների: Խորհրդաժողովին մասնակցում էին Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի եւ Բրյուսելի գրասենյակի պատասխանատուներն ու ներկայացուցիչները, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ ՀՅԴ Բյուրոյի անդամներ՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Լևոն Մկրտչյանը եւ Մարիո Նալբանդյանը։

Ինչպես հայտնում է ՀՅԴ մամլո ծառայությունը, քննարկվեցին Եվրամիության կառույցներում կատարվող փոփոխությունների արդյունքում առաջացած նոր մարտահրավերները, ԵԽ եւ եվրոպական այլ կառույցներում ստեղծված իրավիճակները, եւ ընդհանրապես այդ կառույցների կողմից Հարավային Կովկասի նկատմամբ կիրառվող քաղաքականությունը։ Հատուկ ուշադրության առարկա դարձան ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ աշխատանքները եւ ծրագրերը։

Կարևորվեց Հայաստան-Թուրքիա արձանագրությունները վնասազերծելու, ինչպես նաեւ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման հարցով այդ երկու երկիրների վրա միջազգային ճնշումը մեծացնելու անհրաժեշտությունը։ Առանձին ուշադրության առարկա դարձան նաեւ Ջավախքի եւ ընդհանրապես Վրաստանի հայության իրավունքների արծարծումը եվրոպական կառոյցներում:

Օրակարգային առանձին քննարկման թեմա էր Թուրքիա-Ադրբեջան զարգացող տանդեմի հարցը եւ Եվրոպայի տարածքում այն դիմագրավելու մարտահրավերներն ու հնարավորությունները։

Քննարկվեց նաև Եվրոպայում Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների ներկայությունը ընդլայնելու հարցը։ Այս ուղղությամբ ժողովը ողջունեց վերջերս Թբիլիսիիում Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենեակի պաշտոնական բացումը, Փարիզում Հայ Դատի Ֆրանսիայի հանձնախմբի գրասենեակի հաստատումը եւ Հայ Դատի Բուլղարիայի և Իսպանիայի հանձնախմբերի կազմությունը։

Հայ Դատի առաջիկա քաղաքականության եւ աշխատանքների մասին ժողովն ընդունեց համապատասխան որոշումներ, ասվում է ՀՅԴ մամլո հաղորդագրության մեջ: