15 նոյեմբերի 2010 - 15:17 AMT
Հայաստանի տրանսպորտի նախարարությունը ձեռնամուխ է եղել ճանապարհների բարեկարգմանը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը` նախարարության, ճանապարհաշինարարական շահագործման ընկերությունների, Ճանապարհային երթևեկության անվտանգության խորհրդի քարտուղարության աշխատակիցների և մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ միասին նոյեմբերի 13-ին մասնակցել է Երևան-Սևան ավտոմայրուղու շրջակայքում իրականացվող ծառատունկին:

Նախարարը նշել է, որ ծառատունկը ոչ միայն բնապահպանական նշանակություն ունի , այլ պաշտպանական` ձմռանը ճանապարհները պահպանելով ձյունամրրիկների հետևանքով առաջացող կուտակումներից: Այս տարի, ընդհանուր առմամբ, նախատեսված է տնկել 14 հազար ծառ ու թուփ:

Նախարար Մ.Վարդանյանը հայտնել է նաև, որ ծառատունկը շարունակական է լինելու, և ճանապարհների բարեկարգման միջնաժամկետ ծրագրի շրջանակներում առաջիկա տարիներին միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին կտնկվեն ավելի քան 140 հազար ծառեր ու թփեր, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: