16 նոյեմբերի 2010 - 19:19 AMT
ԿԽՄԿ-ն հրաժարվում է տեղեկատվություն տրամադրել ադրբեջանական գերության մեջ ընկած Հայաստանի կորած քաղաքացու մասին

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) երևանյան ներկայացուցչությունը հրաժարվել է տեղեկատվություն տրամադրել ադրբեջանական գերության մեջ ընկած Հայաստանի քաղաքացու ինքնության մասին:

Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները ԿԽՄԿ-ին հաղորդել էին այն մասին, որ ադրբեջանական գերության մեջ ևս մեկ ՀՀ քաղաքացի է գտնվում: Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Գաբրիելյանի հայտարարության համաձայն, ամենայն հավանականությամբ խոսքը գնում է սահմանամերձ Տավուշի մարզի բնակիչ Արթուր Բադալյանի մասին, որն ադրբեջանական գերության մեջ է ընկել 2009 թվականի մայիսի 9-ին:

Սակայն PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի երևանյան ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Աշոտ Աստաբացյանը նշեց, որ ԿԽՄԿ-ն չի հրապարակում գերիների անունները: «Կարող եմ միայն ասել, որ նոյեմբերի 5-ին ԿԽՄԿ ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են հայ գերուն»,- ասաց Աստաբացյանը: Այն հարցին, թե արդյոք գերու վերադարձի առնչությամբ ընթանում են բանակցություններ, ԿԽՄԿ ներկայացուցիչը հայտնեց, որ ինքը նման տեղեկատվությամբ չի տնօրինում:

Նախկինում Հայաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, ադրբեջանական գերության մեջ պաշտոնապես գտնվում են 6 հայ զինծառայողներ և հինգ հոգուց բաղկացած ընտանիք: