16 նոյեմբերի 2010 - 21:53 AMT
Սերժ Սարգսյան. Որքան շուտ Ադրբեջանը գիտակցի, որ ԼՂՀ ինքնորոշման ընդունումն իր համար այլընտրանք չունի, այնքան շուտ կավարտվեն բանակցությունները

Աշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 16-ին մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա գալա երեկոյին, որին ներկա են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ, ռուսաստանաբնակ հայ գործարարներ: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը երեկոյի մասնակիցներին ուղղված ուղերձում անդրադառնալով Հիմնադրամի գործունեությանը` ընդգծել է, որ համազգային ընդգրկում ունեցող այդ կառույցը կարողացել է տարիներ շարունակ իրականացնել կենսական կարևորության ծրագրեր: «Հայաստան» հիմնադրամն իր գործով բազմապատկում է մեր հավատն ու վստահությունը մեր իսկ ուժերի և մեծ հաշվով` մեր գալիքի նկատմամբ: Մենք պետք է հիմնավորապես կառուցենք ու վերակառուցենք մեր տունը: Նրա բնակիչները պետք է պաշտպանված լինեն ռազմական, իրավական և սոցիալական առումներով: Մենք պետք է շարունակաբար ամրանանք` դրսևորելով տասը միլիոն հայերի համերաշխությունը: Ազգային արժանապատվությունն այլ կերպ չի լինում»,- նշել է Հանրապետության ղեկավարը:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, խոսել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետևողական կայացման, հարևան հանրապետությունից անընդհատ հնչող ռազմական կոչերի և մեր պաշտպանական հնարավորությունների ավելացման մասին` նկատի առնելով, որ երեկոյի մասնակիցները հաճախ են այդ թեմաների վերաբերյալ հարցերով դիմում Նախագահին:

«Իմ ուղերձը ձեզ շատ հստակ է. Լեռնային Ղարաբաղը կայացած և շարունակաբար ամրացող պետություն է, ավելին ասեմ` շատ ավելի ժողովրդավարական երկիր է, քան հարևան Ադրբեջանը: Բանակցությունները հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ շարունակվում են, և ինչքան շուտ Ադրբեջանը գիտակցի, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ընդունումն իր համար այլընտրանք չունի, այնքան շուտ կավարտվեն բանակցությունները: Իսկ պաշտպանական մեր կարողությունների մասին երկու կարծիք լինել չի կարող` մենք ուժեղ ենք, ուժեղ ենք քան երբևէ, իսկ ամեն հաջորդ օրը շատ ավելի ուժեղ ենք լինելու»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: