17 նոյեմբերի 2010 - 13:26 AMT
Վրաստանն Ադրբեջանին չի վաճառի Ռուսաստանից Հայաստան գնացող գազատարը

Վրաստանի կառավարությունը չի նախատեսում վաճառել Ռուսաստանը Հայաստանին կապող մայրուղային գազատարը, երեքշաբթի օրը հայտարարել է վրացական նախարարների կաբինետի մամլո քարտուղար Նիկո Մչեդլիշվիլին, հաղորդում է «Վզգլյադ» թերթը: Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ մեջբերում է վարչապետ Նիկո Գիլաուրիի խոսքերը:

Նիկո Մչեդլիշվիլիի խոսքերով, տարածաշրջանի շատ երկրներ կարող են հետաքրքրություն հանդես բերել ռազմավարական նշանակություն ունեցող այդ օբյեկտի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ գազատարը Վրաստանի կողմից կվաճառվի: Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը հետաքրքրություն էր հանդես բերել այդ գազատարի նկատմամբ: Ադրբեջանական կողմն արդեն դիմել էր Վրաստանին գազամուղը սեփականաշնորհելու կամ նրա կառավարումը ստանձնելու համար: