17 նոյեմբերի 2010 - 15:16 AMT
Հայաստանում ԾԱ ոլորտում համակարգչահենության մակարդակը 4 տարվա ընթացքում նվազել է 6 տոկոսով

Հայաստանում ԾԱ ոլորտում համակարգչահենության մակարդակը 4 տարվա ընթացքում նվազել է 6 տոկոսով: Այդ մասին նոյեմբերի 17-ին մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանում Microsoft ընկերության ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը: Նրա խոսքերով, դրա շնորհիվ Հայաստանի պետական բյուջեն համալրվել է 5 մլն դոլարին համարժեք դրամով: «Ամեն ամիս Հայաստանում ավելանում է լիցենզավորված ծրագրային ապահովում կիրառող անձանց թիվը: Եթե 2006-ին համակարգչահենության մակարդակը կազմում էր ավելի քան 96 տոկոս, ապա, վերջին տվյալներով, կեղծված արտադրանքից օգտվում է Հայաստանում համակարգիչ օգտագործողների 90 տոկոսը»,- ասել է Բարսեղյանը:

Որպես համակարգչահենության դեմ պայքարի մի մաս` «Microsoft» ընկերությունն ամբողջ աշխարհում անցկացնում է ամենամյա «Սպառողների իրավունքների պաշտպանության օր», որն այս տարի անցնում է նոյեմբերի 17-ին: Այս շրջանակներում անցկացված բազում հարցումների արդյունքում պարզվել է, որ այսօր մարդիկ նախընտրում են օգտագործել օրինական արտադրանք: Ամբողջ աշխարհում հարցվածների 75 տոկոսն ավելի տեղեկացված լինելու կարիք ունի` կեղծված արտադրանքը տարբերակելու համար, քանզի հանրության մեծ մասն արդեն գիտակցում է, որ կեղծված արտադրանքն անապահով է: Հայաստանում անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ այսօր հայ սպառողը դարձել է ավելի գիտակից և ավելի ակտիվ իր շահերը պաշտպանելու գործընթացում: Հարցվողների 65 տոկոսը կարծում է, որ պետք է գնել օրիգինալ ծրագրային ապահովում, անգամ եթե այն ավելի թանկ է: ՀՀ կառավարությունը տվյալ պահին Հայաստանում լիցենզավորված ԾԱ խոշորագույն սպառողներից է: Վերջին տվյալներով, Հայաստանի պետական կառույցներում համակարգիչների 30 տոկոսի վրա հաստատված են Microsoft-ի լիցենզավորված ապրանքներ: