17 նոյեմբերի 2010 - 15:39 AMT
Երևանում նշել են Ուսանողության միջազգային օրը

Նոյեմբերի 17-ին` Ուսանողության միջազգային օրվա առթիվ Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնն անց է կացրել հանդիսավոր միջոցառում` կազմակերպության անդամ ուսանողների մասնակցությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net գործակալությանն են հայտնել Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնում:

Կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը` շնորհավորելով ներկաներին նշեց, որ, չնայած բազմաթիվ դեռեւս չլուծված խնդիրների, մեր ուսանողները քաջ գիտակցում են իրենց կարեւորությունը յուրաքանչյուր ոլորտում: «Առանց ձեր մասնակցության ու կարողությունների, առանց ձեր ուժի, եռանդի, համարձակության շատ խնդիրներ, որոնք դրված են պետության առջեւ, նույն արդյունավետությամբ չէին լուծվի: Ձեր մասնակցությունը յուրաքանչյուր հարցում կարող է հաղթանակի հանգեցնել»,- ասաց Ա. Նիկողոսյանը` կարեւորելով, որ տարիների ընթացքում այդ համարձակությունը չկորի: Նիկողոսյանը նշեց նաեւ, որ իր շնորհավորանքն ուղղված է երկրի շուրջ 100 հազար այն քաղաքացիներին, ում հետ էլ նա կապում է մեր երկրի ապագան:

Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը ստեղծվել է 2008թ. ապրիլին` նպատակ ունենալով միավորել հայ երիտասարդությանն ընդհանուր գաղափարների շուրջ: Լինելով քաղաքականապես անկախ` կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունն է երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությունը: Մինչ օրս կենտրոնն անց է կացրել մոտ 120 զանազան միջոցառումներ: