17 նոյեմբերի 2010 - 17:23 AMT
Հայաստանում թոքախտի բուժման հիմնական խնդիրն այն է, որ հիվանդները չեն դիմում բժշկի

«Հիմնական խնդիրը, կապված տուբերկուլյոզի բուժման հետ, այն է, որ հիվանդներն ուղղակի չեն դիմում բժշկի»,- նոյեմբերի 17-ին մամլո ասուլիսում հայտնել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆտիզիոպուլմոնոլոգիայի ամբիոնի դոցենտ Լյուբով Նիկոլոյանը:

Նրա խոսքերով, Հայաստանում տուբերլուլյոզի բուժումն անվճար է: «Մենք ունենք ժամանակակից տեխնոլոգիաներ և դեղեր թոքախտի բուժման համար, մնում է, որ հիվանդները դիմեն մեզ»,- ասել է նա:

Նիկոլոյանը նշել է, որ երեք հիվանդներից միայն մեկն է դիմում բժշկի երեք ամսվա ընթացքում առաջին ախտանիշների դրսևորման դեպքում: «Մնացածը դիմում են բժշկի հիվանդության վերջին փուլում, հենց այդ պատճառով գրանցվում են մահացու դեպքեր: Եթե հազը տևում է 2-3 շաբաթից ավել, ապա չպետք է դա վերագրել ծխելուն կամ մրսածությանը»,- ասել է նա:

Նա հավելել է, որ Հայաստանում տուբերկուլյոզով հիվանդանում են հիմնականում բանտարկյալները և ծառայողները:

Փորձագետի խոսքերով, բուժման նվազագույն ժամկետը տևում է 2 ամիս, սակայն պետք է բուժում անցենլ 6-8 ամիս: Դոցենտը նշել է, որ աշխարհում տուբերկուլյոզով հիվանդների թիվն ավելանում է, Հայաստանում 2002-ից հետո նկատվում է վարակվածների թվի նվազում: «Մեր երկրում ամեն տարի տուբերկուլյոզով հիվանդանում է շուրջ 1400-1450 մարդ, այսինքն 100 հազարից 44-45 մարդ, որոնցից 4-5-ը մահանում են»,- ասել է նա:

1993-ին թոքախտն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարվել է գլոբալ խնդիր: ԱՀԿ վիճակագրության համաձայն, ամեն տարի տուբերկուլյոզով հիվանդանում է շուրջ 9 մլն մարդ, մահանում է 2 մլն հոգի, յուրաքանչյուր օր հիվանդությունից մահանում է շուրջ 5 հազար մարդ: