17 նոյեմբերի 2010 - 18:08 AMT
Վանաձորում ռոք-համերգ տեղի կունենա

Նոյեմբերի 21-ին Վանաձորի Շարլ Ազնավուրի անվ. մշակույթի պալատում տեղի կունենա «Որդան կարմիր» և «An Gordonach!» (Շոտլանդիա) խմբերի համերգը: Համերգն իրականացվում է «Որդան կարմիր»-ի նախաձեռնությամբ` ՄԱԿ-ի «Երիտասարդության միջազգային տարի. երկխոսություն և փոխըմբռնում» ծրագրի շրջանակներում: Համերգի կարգախոսն է «Մեր տարին: Մեր ձայնը»:

Այսօր երիտասարդությունը աշխարհի բնակչության 18% է կազմում` 1,2 միլիարդ մարդ, որոնց 87%-ը բնակվում է զարգացող երկրներում: Ամբողջ աշխարհում երիտասարդները համարվում են զարգացման գրավական, դրական սոցիալական փոփոխություններ և տեխնոլոգիական նորարարություններ խթանող հիմնական մարդկային ռեսուրս:

Նախագիծը նպատակ ունի ևս մեկ անգամ ընդգծել հասարակական գործընթացներում երիտասարդության ընդգրկման կարևորությունը, սեփական օրինակով կոչ անել երիտասարդներին` ստեղծագործ, եռանդուն ու համարձակ լինել իրենց նախաձեռնություններում:

Համերգի մասնակիցները կստանան ՄԱԿ-ի կողմից տրամադրված տեղեկատվական գրքույկներ: