18 նոյեմբերի 2010 - 14:14 AMT
Զդիսլավ Ռաչինսկի. Անհնար է նվաճել մի ժողովրդի, որը չի ցանկանում ենթարկվել զենքի ուժին

Հայ-լեհական հարաբերությունները, մասնավորապես, քաղաքական ոլորտում բավական ակտիվ են ու բարձր մակարդակի վրա են գտնվում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարաել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: Ըստ նրա, դրա մասին են վկայում նաև երկու երկրների ղեկավարության հաճախակի փոխադարձ այցելությունները:

Անդրադառնալով Հայաստանի ու Լեհաստանի միջև տնտեսական հարաբերություններին՝ դեսպանն ասել է, որ այդ ոլորտում համագործակցության զարգացմանը խանգարում են մի շարք գործոններ, այդ թվում՝ հեռավորությունը:

Անդրադառնալով Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովի հնարավոր արդյունքներին՝ Ռաչինսկին ասել է, որ չի կարծում, թե գագաթնաժողովի շրջանակներում ինչ-որ կարևոր իրադարձություն տեղի կունենա:

Նա նշել է, որ պետք չէ համեմատել Կոսովոյի և Ղարաբաղի հակամարտությունները, քանի որ դրանք միանգամայն տարբեր հարցեր են: «Հասկանում եք, Կոսովոյի իրադարձությունները տեղի ունեցան Եվրոպայի կենտրոնում, իսկ այն, ինչ «տանն է» կատարվում, միշտ ավելի արագ լուծում է ստանում»,-ասել է նա՝ հավելելով, որ ղարաբաղյան հակամարտությունը բարդ է՝ բացի այն, որ չեն համընկնում Հայաստանի ու Ադրբեջանի շահերը, չեն համընկնում նաև գերտերությունների շահերը:

«Ղարաբաղյան հակամարտության դեպքում Եվրամիության դիրքորոշումը պարզ է, այն պետք է լուծվի խաղաղ ճանապարհով»,-ասել է Զդիսլավ Ռաչինսկին՝ հավելելով, որ 2008թ. օգոստոսյան իրադարձությունները ցույց տվեցին, որ հակամարտությունները նման ձևով լուծելու փորձերը միշտ անհաջողությամբ են ավարտվում: Անհնար է նվաճել մի ժողովրդի, որը չի ցանկանում ենթարկվել զենքի ուժին»,-ասել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը: