18 նոյեմբերի 2010 - 16:25 AMT
ՀԴՄ կտրոններով պարգևավճարների ու բոնուսների փոխարեն կխաղարկվեն ավտոմեքենաներ

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 18-ի նիստում փոփոխություններ է կատարել ՀԴՄ կտրոններով պարգևավճարների ու բոնուսների վճարման կարգի մասին որոշման մեջ: ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը ճեպազրույցում հայտարարել է, որ 2011թ. հունվարից ՀԴՄ կտրոնների վիճակահանության արդյունքում շահող կհամարվեն ՀԴՄ այն կտրոնները, որոնց հատուկ համարի 2 և ավելի նիշերն առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ կհամընկնեն վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերին։ Որոշմամբ նախատեսվում է յուրաքանչյուր վիճակահանության ժամանակ խաղարկել տասը ավտոմեքենա, այդ թվում` ութ և յոթ նիշերի համընկմամբ հատուկ համար պարունակող շահումների դեպքում տրամադրել մեկական ավտոմեքենա և համապատասխանաբար 1 մլն և 100 հազար դրամ պարգևավճար, իսկ ավտոմեքենաների չսպառված քանակները տրամադրել համապատասխանաբար վեց և հինգ թվերի համընկմամբ շահած` կտրոնի առավելագույն գործարքի արժեք ունեցող կտրոն ունեցող անձանց։ 6, 5, 4, 3, 2 թվերի` առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ շահողները համապատասխանաբար կստանան հիսուն հազար, քսան հազար, հինգ հազար, երկու հազար, հինգ հարյուր դրամ։

Ըստ Ալավերդյանի, որոշման համաձայն դադարեցվում է վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների խմբաքանակի դիմաց բոնուսների վճարումը։ «Նման որոշումը պայմանավորված է նրանով, որ այդ մեխանիմզն այնքան էլ արդյունավետ չեղավ: «Մարդը պետք է եռամսյակի ընթացքում 2,5 մլն դրամի գնումներ կատարի, ներկայացնելու համար մեծ թվով կտրոններ, ինչն անհնար է մեր կենսաթոշակառուների ու միջին դասի մարդկանց համար»,-ասել է նա: Դրա փոխարեն նախատեսվում է, որ 2011թ. հունվար ամսվա վիճակահանությանը կմասնակցեն նաև 2010թ. հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին տրամադրված ՀԴՄ կտրոնների հատուկ համարները։ Այդ կապակցությամբ 2011թ. հունվար ամսվա վիճակահանությանը կհատկացվի երեսուն ավտոմեքենա։