ԱՊՀ երկրները մտադիր են համագործակցել հեռուստաբժշկության ոլորտում

ԱՊՀ երկրները մտադիր են համագործակցել հեռուստաբժշկության ոլորտում

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, որում ընդգրկված էին երկու տասնյակից ավելի հարցեր։ Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Սանկտ Պետերբուրգից, կառավարությունների ղեկավարներն ընդունել են ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագրի նախագծի նախապատրաստման ընթացքի մասին որոշումը։ Պատրաստվող փաստաթղթի նախագիծը դեռևս պիտի ներկայացվի ԱՊՀ անդամ- պետությունների ղեկավարների հաստատմանը։ Կառավարությունների ղեկավարներն անդրադարձել են հեռախոսային հաղորդակցության ոլորտում մրցակցության մակարդակի հիմնահարցին, ինչպես նաև մինչև 2020թ. ԱՊՀ անդամ-երկրների միջև նորարարության ոլորտում միջպետական համագործակցության ծրագրերին։ Արծարծվել են ԱՊՀ մասնակից-պետությունների միջև համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծմանը և հետագայում դրանց զարգացմանն ու օգտագործմանն, ինչպես նաև մտավոր սեփականության իրավական պաշտպանությանն առնչվող հարցեր։ Կառավարությունների ղեկավարների կողմից կարևորվել է մինչև 2020թ. ԱՊՀ երկրների էներգետիկ ռեսուրսների արտադրման և օգտագործման համատեղ ծրագրերի իրականացումը։ Անդրադարձ է արվել նաև արտադրական ապրանքների անվտանգությանը և ԱՊՀ անդամ-պետությունների արձանագրած մակրոտնտեսական արդյունքներին վերաբերող հարցերի, ինչպես նաև այլ խնդիրների։

Նիստում քննարկվել են նաև 2010-2012թթ. ընթացքում հումանիտար ոլորտում իրականացվելիք ծրագրերը, ԱՊՀ-ի ստեղծման 20-ամյակին նվիրված միջպետական ցուցահանդեսի կազմակերպմանը վերաբերող հարցեր։ Հայաստանը ցուցահանդեսին կներկայանա հաջորդ տարվա հունիսին։ Նիստի ընթացքում նշվել է, որ ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի շրջանակներում 2008-2010թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունն իրականացրել է 32 ծրագիր։ Միայն 2010թ. Հայաստանում անցկացվել է 9 միջոցառում։ Մասնավորապես, հունիսի 26-ից հուլիսի 2-ը Երևանում կայացել են ԱՊՀ երկրների երիտասարդական դելփյան խաղերը, իսկ հոկտեմբերի 25-29-ը` ԱՊՀ և Բալթյան երկրների հրատարակիչ-թարգմանիչների 4-րդ համաժողովը։

Նիստի մասնակիցները քննարկել են նաև մինչև 2020թ. իրականացվելիք համատեղ տնտեսական զարգացման ռազմավարության մշակման և դրա շրջանակներում նախատեսված ծրագրերը, ինչպես նաև ԱՊՀ երկրների տարբեր մարմինների գործունեության 2011թ. միասնական բյուջեն։ Գործադիրի ղեկավարներն ամրագրել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք պայմանավորվածություններ։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---