19 նոյեմբերի 2010 - 18:21 AMT
Դերսիմի հայերը որոշել են վերադառնալ իրենց արմատներին

Վերջերս Թուրքիայում ստեղծված Դերսիմի հայերի միությունը պաշտոնապես գրանցվել է: Ինչպես գրում է թուրքական «Սաբահ» թերթը, Միության անդամ են հանդիսանում Թուրքիայի Թունջելի (Դերսիմ) գավառի բնակիչները: Կարճ ժամանակահատվածում նորաստեղծ Դերսիմի հայերի միության անդամ են դարձել շուրջ 600 ընտանիքներ:

Ըստ միության հիմնադիր Սելահադդին Գյուլտեկինի, որը փոխել է անունն ու դավանանքը, Դերսիմի հայերն այսուհետ պետք է ազատ ապրեն՝ չթաքցնելով իրենց ազգային պատկանելությունը:

Դերսիմի հայերի միության հիմնական նպատակն է հայոց լեզվի պահպանումն ու ազգային արժեքների վերականգնումը: Միությունը մտադիր է հայոց լեզվի ուսուցում կազմակերպել, ինչպես նաև ձեռնամուխ լինել Թունջելի նահանգի հայկական եկեղեցիների վերականգնմանն ու բարեկարգմանը: