20 նոյեմբերի 2010 - 13:50 AMT
«Վազքով հանուն կյանքի» միջոցառման ժամանակ հավաքված ողջ գումարը կփոխանցվի մանկատներին

Նոյեմբերի 20-ին «Վահագնի թաղամասում տեղի ունեցավ «Վազքով հանուն կյանքի» մրցումը, որին մասնակցել են շուրջ 150 մեծահասակներ և երեխաներ: Մրցավազքը նվիրված էր ամերիկյան տոնին` Երախտագիտության օրվան եւ ուղղված է առողջ ապրելակերպի քարոզմանը:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Hovnanian International-ի ղեկավար Վահագն Հովնանյանը, միջոցառումը բարեգործական է, և հանգանակված ողջ գումարը կփոխանցվի մանկատներին: «Այս միջոցառման նպատակն է սովորեցնել երեխաներին սպորտով զբաղվել ու առողջ լինել: Նման մարաթոն ամեն տարի կազմակերպվում է Նյու Յորքում և ցանկալի կլիներ, որ Հայաստանում ևս նման միջոցառումները հաճախակի լինեն»,-ասել է Հովնանյանը:

Միջոցառման հատուկ հյուրն էր 85-ամյա վետերան վազորդ, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր Սերգեյ Սարուխանյանը, որը մասնակցեց 10 կմ մրցավազքին:

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ-ում ԱՄՆ եւ այլ երկրների դեսպանատների, «Հազարամյակի մարտահրավերներ» ընկերակցության և այլ միջազգային կազմակերպությունների աշխատակիցները: Հյուրերի առաջ ելույթ ունեցան ՀՀ ՊՆ համույթն ու «Սարդարապատ» պարի համույթը: