20 նոյեմբերի 2010 - 14:26 AMT
Բակո Սահակյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Էրիկ Գարսետիի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 19-ին ելույթով հանդես է եկել «Օրենջ Քաունթիի» Միջազգային հարաբերությունների խորհրդում: Ելույթից հետո երկրի ղեկավարը պատասխանել է ներկաների կողմից բարձրացված հարցերին: Միջոցառմանը մասնակցում էին Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն օրը նախագահ Բակո Սահակյանն այցելել է Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդ եւ հանդիպել նրա անդամների հետ` խորհրդի նախագահ Էրիկ Գարսետիի գլխավորությամբ: Նա մասնակցել է քաղաքային խորհրդի նիստին եւ իր խոսքում շնարհակալություն հայտնել Լոս Անջելեսի իշխանություններին` մեր հայրենակիցների հանդեպ ունեցած վերաբերմունքի, հայ ժողովրդի առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծմանը սատարելու համար:

Ելույթներով հանդես են եկել նաեւ քաղաքային խորհրդի անդամները: Ողջունելով Արցախի Հանրապետության նախագահին` նրանք ընդգծել են, որ կարեւորում են ազատ, անկախ ու ժողովրդավարական Ղարաբաղի գոյությունը: Նրանց խոսքով` Արցախի եւ Միացյալ Նահանգների պատմության եւ պետականաշինության մեջ կան բազմաթիվ ընդհանրություններ, ինչը ավելի լավ հեռանկարներ է ստեղծում երկկողմ հարաբերությունների զարգացման ու խորացման համար:

Միջոցառումներին ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ, «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, նոյեմբերի 19-ին Բակո Սահակյանն այցելել է նաեւ ՀԱԵ Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան եւ հանդիպել թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի, ծխական խորհրդի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահը կարեւոր է համարել թեմի նոր` Սրբոց Ղեւոնդյանց Մայր տաճարի կառուցումը` նշելով, որ այս եկեղեցին ոչ միայն հայ ճարտարապետության կոթողներից մեկն է, այլ նաեւ մեծ դերակատարություն կունենա Սփյուռքում ազգապահպանության գործում:

Հանդիպման ժամանակ արծարծվել են Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցեր: Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի ներդրումը Արցախին սատարելու գործում: Հանդիպմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք: