20 նոյեմբերի 2010 - 15:11 AMT
Սանկտ Պետերբուրգի համալսարանում հանդիսավոր պայմաններում բացվել է ակադեմիկոս Հովսեփ Օրբելու կիսանդրին

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան, որտեղ մասնակցել է հայտնի արևելագետ, հասարակական գործիչ, ակադեմիկոս Հովսեփ Օրբելու կիսանդրու բացման պաշտոնական արարողությանը: Բացմանը ներկա էր Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին: Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Լևոն Բայբուրդյանը:

Իր այցելությունը համալսարան և մասնակցությունը կիսանդրու բացմանը վարչապետը փաստարկել է երեք գործոններով: Առաջինը՝ դա հայ ժողովրդի վերաբ երմունքն է Օրբելի ընտանիքին, որը տվել է ականավոր գիտնականների, որոնք շատ բան են արել նաև հայկական գիտության զարգացման համար: Երկրորդը՝ 21-րդ դարում պետք է առանձնահատուկ վերաբերմունք լինի գիտության և գիտնականների հանդեպ: Երրորդը՝ եթե հարգալից վերաբերմունք լինի այն մարդկանց հանդեպ, որոնք նման արժեքների կրող են, դա կնպաստի գիտելիքի վրա հիմնված նոր հանրության կազմավորմանը:

«Համալսարանի բակում հատուկ մթնոլորտ է տիրում, ինձ թվում է, որ Օրբելիի կիսանդրին այստեղ պակասում էր: Պիոտրովսկին շատ ճիշտ ասաց, որ Օրբելին սևեռուն հայացք ուներ, ինձ թվում է, որ քանդակագործին հաջողվել է փոխանցել դա»,-ասել է Տիգրան Սարգսյանը: