20 նոյեմբերի 2010 - 15:16 AMT
Գոռ Հարությունյանը և Միխայիլ Մալյուտինը կպայքարեն առանց կանոնների մարտերի աշխարհի չեմպիոնի կոչման համար

Նոյեմբերի 21-ին Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում տեղի կունենա առանց կանոնների մարտերի «ProFC» վարկածով աշխարհի թիմային առաջնությունը: Առաջնությանը կմասնակցեն չորս թիմեր Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից և Սերբիայից:

Մարտերը կընթանան մինչև 70, 76, 84, 93 և +93 կգ քաշային կարգերում: Հայաստանի հավաքականը կմրցի Սերբիայի հավաքականի, իսկ Ռուսաստանի հավաքականը` Ուկրաինայի հետ:

Սերբիայի հավաքականի 3 մարզիկներ վնասվածքներ են ստացել և չեն կարող մասնակցել առաջնությանը: Այսպիսով, Հայաստանի հավաքականը կպայքարի միայն երկու քաշային կարգերում` մինչև 70 և +93 կգ:

Այդ մարտերից բացի, աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտ տեղի կունենա Գոռ Հարությունյանի (Հայաստան) և Միխայիլ Մալյուտինի (Ռուսաստան) միջև:

«ProFC» լիգայի փոխնախագահ Վիկտոր Երյոմինի խոսքերով, նման առաջնությունների նպատակն աշխարհում այս մարզաձևը զարգացնելն է: «Մինչ օրս մենք կազմակերպել ենք 19 միջազգային մրցաշարեր: Կարծում եմ, որ Երևանի բնակիչները մեծ հաճույք կստանան և կդիտեն գեղեցիկ մենամարտեր»,- ասել է նա: