22 նոյեմբերի 2010 - 11:15 AMT
Արցախի նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է հայկական ավանդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել Հնչակյան սոցիալ-ժողովրդավարական կուսակցության Արևմտյան Ամերիկայի վարչական մարմնի անդամների հետ` ատենապետ Վազգեն Խոդանյանի գլխավորությամբ:

Նույն օրը նախագահն ընդունել նաև Ռամկավար Ազատական կուսակցության կենտրոնական վարչության անդամներին` Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության ատենապետ Հակոբ Նազարյանի գլխավորությամբ:

Հանդիպումների ժամանակ քննարկվել են Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին, տարածաշրջանային զարգացումներին և Արցախ-Սփյուռք կապերի ներկա մակարդակին և հեռանկարներին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը կարևորել է ավանդական կուսակցությունների դերակատարությունը Սփյուռքի կյանքում և Արցախին սատարելու գործում:

Հանդիպմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: