22 նոյեմբերի 2010 - 12:28 AMT
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան գերազանց է գնահատել մրցաշրջան 2010-ը

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հրապարակել է 2010 թվականի մարզիկների, մարզիչների և մրցավարների լավագույն տասնյակները:

Լավագույն մարզիկներ են ճանաչվել աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթի փուլային մրցաշարի հաղթող Աշոտ Դանիելյանը (ք. Ստեփանակերտ), աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Վաչիկ Վարդանյանը (ք.Եղվարդ) և Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Տիգրան Կիրակոսյանը (ԲԿՄԱ):

Լավագույն մարզիչներ են ճանչվել ՀՀ վաստակավոր մարզիչ Էռնեստ Միրզոյանը (ք. Ստեփանակերտ), ՀՀ վաստակավոր մարզիչ Սամվել Ավդալյան (ք. Եղվարդ), ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ Գուրգեն Սևոյան (ք. Գյումրի):

Մրցավարների թվում լավագույնն են ճանաչվել միջազգային կարգի «Էքստրա» դասի մրցավար Էդուարդ Ասլանյանը (ք. Երևան), Միջազգային կարգի մրցավար Վովիկ Խոջայանը (ք. Աբովյան) և Հանրապետական կարգի մրցավար Վաչագան Խաչատրյանը (ք. Երևան):

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի` նոյեմբերի 16-ին կայացած նիստը, հաշվի առնելով հայ սամբիստների` Աշխարհի ու Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների, պատանիների և աղջիկների առաջնություններում, ինչպես նաև Աշխարհի գավաթի փուլային մրցաշարում նվաճած 6 ոսկե, 4 արծաթե, 12 բրոնզե մեդալները, գերազանց գնահատեց մրցաշրջան 2010-ը, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

Հիշեցնենք, որ հայ սամբիստները վերջին անգամ Աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել էին 2004 թվականին (Քրիստինե Նաջարյան), տղամարդկանց առաջնությունում` 1997-ին (Երվանդ Գրիգորյան):