22 նոյեմբերի 2010 - 12:52 AMT
Հայաստանը կաջակցի Աֆղանստանում միջազգային հանրության կողմից նախատեսվող քայլերին

Նոյեմբերի 20-ին Լիսաբոնում տեղի ունեցավ Աֆղանստանին նվիրված պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մակարդակով Հյուսիսատլանտյան Դաշինքի Խորհրդի հանդիպումը, որին մասնակցեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցում էին եւ ելույթ ունեցան ԱՄՆ, Պորտուգալիայի, Աֆղանստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Աֆղանստանում միջազգային անվտանգության ուժերին մասնակցող այլ պետությունների ղեկավարներ, ՄԱԿ-ի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարները, Եվրոպական հանձնաժողովի նախագահը:

Գագաթաժողովին ելույթ ունեցավ նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որը նշեց, որ Աֆղանստանի իրավիճակը բազմաթիվ պետությունների մտահոգությունն է հարուցում` անկախ այն հանգամանքից թե տվյալ երկիրը աշխարհագրորեն որքան մոտ կամ հեռու է Աֆղանստանից եւ ընդգծեց, որ հենց դրա ապացույցն է, որ 49 երկրների ներկայացուցիչներ հավաքված են մեկ սեղանի շուրջ` համատեղ քայլեր մշակելու այդ երկրում առկա խնդիրներին լուծումներ գտնելու համար: Հենց այս մտայնությամբ է Հայաստանը միացել Աֆղանստանում Անվտանգությանը աջակցող միջազգային ուժերին եւ արտահայտել է իր պատրաստակամությունը ավելացնել իր մասնակցությունը:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, Էդվարդ Նալբանդյանի բնորոշմամբ՝ ռազմական եւ ֆինանսական աջակցությունը Աֆղանստանին կարեւոր է, սակայն առավել կարեւոր է վերականգնել Աֆղանստանի ժողովրդի վստահությունը կայուն, ապահով եւ բարգավաճ ապագա կառուցելու իր կարողության հանդեպ: Այս առումով նախարար Նալբանդյանը Հայաստանի աջակցությունը հայտնեց միջազգային հանրության կողմից նախատեսվող քայլերին, որոնք թույլ կտան անցում կատարել ռազմական չափումից` երկարատեւ աջակցության ծրագրերին, քաղաքական, տնտեսական եւ հումանիտար փոխգործակցության ակտիվացմանը: