22 նոյեմբերի 2010 - 13:35 AMT
Ուրուգվայում նշել են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի ընդունման 45 ամյակը

Նոյեմբերի 17-ին Ուրուգվայի խորհրդարանում կայացել է այդ երկրի օրենսդիր մարմնի եւ Մոնտեվիդեոյի Հայ դատի հանձնախմբի կողմից համատեղ կազմակերպված հանդիսավոր միջոցառում, որը նվիրված էր Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Գլխավոր Ասամբլեայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին թիվ 13.226 օրենքի ընդունման 45 ամյակին. Ուրուգվայն առաջին պետությունն էր, որի խորհրդարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Միջոցառմանը մասնակցել են խորհրդարանի երկու պալատների բազմաթիվ ներկայացուցիչներ, Ուրուգվայի կառավարության անդամներ, Մոնտեվիդեոյում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, Հայ դատի եւ համայնքային այլ կազմակերպությունների անդամներ, լրագրողներ: Ելույթներով հանդես են եկել Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Գլխավոր Ասամբլեայի նախագահ Դանիլո Աստորին, Ներկայացուցիչների պալատի նախագահ Իվոն Պասսադան, Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը եւ Հայ դատի հանձնախմբի անդամ Արմեն Սարգսյանը:

Ուրուգվայի փոխնախագահ, Գլխավոր ասամբլեայի նախագահ Դանիլո Աստորին իր խոսքում մասնավորապես նշել է. «Խորհրդարանի կողմից 1965 թվականին այդ օրենքի ընդունումը ապացուցեց մեր երկրի նվիրվածությունը ազատության, խաղաղության, արդարադատության եւ մարդու իրավունքների գաղափարներին: Այդ որոշումը ցույց տվեց նաեւ, որ ապագան կառուցելու համար անհրաժեշտ է լավ հիշողություն ունենալ»: Նա ավելացրել է, որ «Ուրուգվայի ժողովուրդը այդ օրենքով իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին` իր իրավունքների վերականգման համար տարվող պայքարում»:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, միջոցառման ընթացքում ընթերցվել է նաեւ այդ առիթով Դանիլո Աստորիին ուղղված Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը, որտեղ մասնավորապես ասվում էր. «Ուրուգվայի խորհրդարանի կողմից ընդունված այս օրինագիծը, որի 45 ամյակը լրացավ այս տարի, նշանակալից է ոչ միայն Հայոց Ցեղասպանությունը մոռացումից ու ժխտումից դուրս բերելու առումով, այլեւ մեծ խթան է այս խնդիրը միջազգային օրակարգում պահելու համար: Դուք սկիզբ եք դրել մի գործընթացի, որին ավելի ուշ միացան այլ երկրներ եւ խորհրդարաններ»: