22 նոյեմբերի 2010 - 14:35 AMT
Բագրատ Ասատրյանը հայկական դրամի ապագան տեսնում է «մի լավ դրամական միավորի ծոցում»

Նոյեմբերի 22-ին լրանում է Հայաստանի պետական արժույթի` «դրամի» շրջանառության մեջ մտնելու 17-ամյակը: Անդրադառնալով ազգային արժույթը շրջանառության մեջ դնելու պատմությանը` Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը հաղորդել է, որ ի սկզբանե 1993-ի սեպտեմբերին կառավարության, խորհրդարանի և ԿԲ հաշվարկներով նախատեսվում էր փոխանակել 92-93 մլրդ ռուբլի, սակայն շաբաթվա ընթացքում այդ գումարը հասել է 117 մլրդ դրամի, քանի որ «հայերը փող սիրող ազգ են»: Նա նաև հաղորդել է, որ դրամը շրջանառության մեջ մտցնելուց հետո երկրի իշխանությունները զուսպ քաղաքականություն են վարել, և ազգային արժույթը փոխանակվել է 1 դոլարի դիմաց 14.5 դրամով, սակայն 1993-ի վերջին փոխարժեքը կազմել է 1 դոլարի դիմաց 75 դրամ:

Այսօր ԿԲ-ն շարունակում է արտարժույթով ինտերվենցիա իրականացնել, ինչը թույլ է տալիս դրամին վերարժեքավորվել: Բագրատ Ասատրյանը դրամի ապագան տեսնում է « մի լավ դրամական միավորի ծոցում»: Մասնավորապես, նրա կարծիքով «Հայաստանը եվրոպական երկիր է, և մեր ապագան Եվրոպան է»: Նա նշել է, որ դեմ չէ ռուբլու միասնական գոտի ստեղծելու Ռուսաստանի ցանկությանը, ուր կարող է մտնել նաև Հայաստանը:

Հայկական դրամը շրջանառության մեջ է դրվել 1993-ի նոյեմբերի 22-ից: 1 դրամն իր մեջ ներառում է 100 լումա, ընդ որում լուման հիմա չի կիրառվում: