Բակո Սահակյանն այցելել է Մոնթեբելոյի հայկական կենտրոն և հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին այցելել է Մոնթեբելո քաղաք և հադիպում ունեցել քաղաքային խորհրդի անդամների հետ` քաղաքապետ Ուիլյամ Մալինարիի գլխավորությամբ:

Իր խոսքում երկրի ղեկավարը կարևորել է Մոնթեբելոյի իշխանությունների հաստատակամությունը Արցախի հետ հարաբերությունների զարգացման գործում, որի լավագույն դրսևորումներից է մայրաքաղաք Ստեփանակերտի հետ քույր-քաղաքների պայմանագրի ստորագրումը: Բակո Սահակյանը քաղաքային իշխանություններին շնորհակալություն է հայտնել հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին սատարելու սկզբունքային դիրքորոշման համար:

Քաղաքապետ Մալինարին իր հերթին հրապարակել է քաղաքային խորհրդի հռչակագիրը, որտեղ տեղական իշխանությունները ողջունել են Արցախի Հանրապետության նախագահին և նրա գլխավորած պատվիրակության այցը և պատրաստակամություն հայտնել ըստ ամենայնի խորացնել և ընդլայնել հարաբերությունները մեր երկրի հետ:

Այնուհետև նախագահ Սահակյանն այցելել է Մոնթեբելոյի Հայկական կենտրոն և հանդիպել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել սփյուռքահայ այս գաղութի դերը Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման և Արցախին սատարելու գործում:

Հանդիպումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նահագահ Նորեկ Գասպարյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---