23 նոյեմբերի 2010 - 19:45 AMT
ԱՄՆ Պետդեպարտամենտ. Կառավարության կողմից կրոնական ազատությունների սահմանափակումներ չեն գրանցվել

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Հայաստանում կրոնական ազատության վերաբերյալ ամենամյա զեկույցը: 2010թ. զեկույցում նշվում է, որ Հայաստանում կան փոքր կրոնական համայնքներ, սակայն հստակ տվյալներ կրոնական փոքրամասնությունների մասին չկան:

Հեղինակները նշում են, որ այդ խմբերի հետևորդների քանակը չի գերազանցում ՀՀ բնակչության 5 տոկոսը, այդ թվում են կաթոլիկները, Սբ Ղազարի միաբանության հետևորդները, ուղղափառները, Բողոքական եկեղեցու հետևորդները, մոլոկանները, հիսունականները, բապտիստները, եզդիները, Եհովայի վկաները, հրեաները, քրդերը, սունի մահմեդականները:

«Հայաստանում օրենքները որոշ արտոնություններ են տալիս հայ եկեղեցուն, որոնք չեն տարածվում մյուս կրոնական խմբերի վրա»,-ասվում է զեկույցում: Նաև մտահոգություն է հայտնվում առ այն, որ, ըստ օրենքի, պաշտոնական գրանցումը Հկ-ներում, այդ թվում նաև կրոնական խմբերում պարտադիր չէ, մինչդեռ իրավաբանական կարգավիճակ ունեն միայն գրանցված կազմակերպությունները: Զեկույցում ասվում է, որ ընդհանուր առմամբ կառավարության կողմից կրոնական ազատությունների սահմանափակումներ չեն գրանցվել: Չեն գրանցվել նաև բռնի դավանափոխության դեպքեր: «Ըստ որոշ մարդկանց, որոնք զբաղվում են այս հարցի ուսումնասիրությամբ, բնակչությունն, ընդհանուր առմամբ, բացասաբար է տրամադրված բոլոր կրոնական փոքրամասնությունների հանդեպ: Սակայն, ըստ տեղի փորձագետների, այդ վերաբերմունքը բացասաբար չի ազդում անձնական ու բարիդրացիական հարաբերությունների վրա, և ավելի շուտ վկայում է այն մասին, որ բոլոր այդ կրոնական խմբերը Հայաստանում դիտարկվում են որպես սպառնալիք պետությանը»,-ասվում է զեկույցում: