24 նոյեմբերի 2010 - 11:14 AMT
Սիրիայի Ազգային Ժողովի նախագահը կայցելի Հայաստան

Նոյեմբերի 23-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը Սիրիա կատարած եռօրյա այցի շրջանակներում հանդիպեց Սիրիայի Ազգային Ժողովի նախագահ Մահմուդ ալ-Աբրաշի հետ: Առանձնազրույցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վերահաստատեց Մահմուդ ալ-Աբրաշին պաշտոնական այցով Հայաստան այցելելու իր հրավերը: Կողմերը քննարկեցին միջխորհրդարանական համագործակցության խորացմանը, միջազգային կառույցներում փոխգործակցության ակտիվացմանը վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

ԱԺ նախագահը բարձր գնահատեց երկու երկրների միջև գոյություն ունեցող քաղաքական հարաբերությունները և կարևորեց տնտեսական կապերի ակտիվացումը:

ՍԱՀ Ժողովրդական ժողովի նախագահ Մահմուդ ալ-Աբրաշն իր հերթին նշեց, որ բարձր է գնահատում խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունները ամրապնդելու հարցում: Անդրադարձ եղավ նաև տարածաշրջանային խնդիրներին, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:

Հանդիպումից հետո ՀՀ ԱԺ նախագահը և ՍԱՀ ԺԺ նախագահը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր` Հայաստանի և Սիրիայի միջև բարեկամական կապերի և համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման վերաբերյալ, հաղորդում է ՀՀ խորհրդարանի հասարակայնության հետ կապի ծառայությունը: