ՀՀ ԱԺ նախագահ. Ադրբեջանը մեկընդմիշտ պետք է հասկանա, որ այսօր ժողովրդավարությամբ իրեն գերազանցող ԼՂՀ-ն երբեք չի լինի Ադրբեջանի կազմում

ՀՀ ԱԺ նախագահ. Ադրբեջանը մեկընդմիշտ պետք է հասկանա, որ այսօր ժողովրդավարությամբ իրեն գերազանցող ԼՂՀ-ն երբեք չի լինի Ադրբեջանի կազմում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը Սիրիա կատարած եռօրյա այցի շրջանակներում ելույթ ունեցավ Սիրիայի Ժողովրդական ժողովի լիագումար նիստում:

Նա իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Հայաստանը կողմ է բոլոր տարաձայնություններն ու հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելուն, անկախ այն բանից, թե դրանք որ տարածաշրջանում են` Կովկասում, Մերձավոր Արևելքում, թե այլուր: Մինչ Հայաստանը մշտապես հայտարարում է, որ ԼՂ հարցը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում և հավատարիմ է իր խոսքին, Ադրբեջանն իր ռազմատենչությամբ և ապակառուցողական քայլերով ձախողում է կարգավորման գործընթացը և խաթարում կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում: Ադրբեջանը մեկընդմիշտ պետք է հասկանա, որ այսօր ժողովրդավարությամբ իրեն գերազանցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, մանավանդ որ երբևէ չի էլ եղել: ԼՂՀ-ն վաղուց արդեն իր կայացած պետական ինստիտուտներով և կառույցներով ժողովրդի կամարտահայտությամբ ստեղծված ու կայացած պետություն է, ինչում դե ֆակտո համոզված է նաև միջազգային հանրությունը: Իսկ դե ֆակտո-ից դե յուրե, կարծում եմ, թեպետ դժվար և երկար, բայցևայնպես, հաղթահարելի ճանապարհ է:

Պատմությունը փաստում է, որ ատելությունն ու չարակամությունը երբեք չեն կարող որևէ երկրի կամ ժողովրդի լավ բան ու վստահելի ապագա բերել, չեն կարող մարդկության համար առաջընթաց ապահովել: Դեռևս 10-րդ դարում դա հասկացել են մեր երկու ժողովուրդների իմաստունները` Սիրիայի և ողջ արաբ ժողովրդի մեծ բանաստեղծ ու մտածող Աբու ալ-Ալա ալ-Մահարին և հայ մեծ բանաստեղծ ու փիլիսոփա Գրիգոր Նարեկացին: Ապրելով գրեթե նույն դարաշրջանում` նրանք խորիմաստ կերպով խոսել ու գրել են արդարության, մարդկային հոգու վեհության ու հանդուրժողականության մասին: Այդ ամենն արդիական են նաև այսօր, երբ աշխարհում հանդուրժողականության պակաս կա, ինչից տուժում են ժողովուրդներ և երկրներ: Իսկ Սիրիան բարյացկամության ու հանդուրժողականության, կրոնական երկխոսության ու քաղաքակրթությունների համադրման փայլուն օրինակ է, ինչում մեծ է երկրի իշխանությունների, լուսահոգի Հաֆեզ ալ-Ասադի և Սիրիայի այսօրվա առաջնորդ մեծարգո Բաշար ալ-Ասադի վաստակը»:

Օրվա վերջում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հարցազրույց տվեց Սիրիայի առաջատար հեռուստաընկերություններին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---