25 նոյեմբերի 2010 - 14:11 AMT
Երևանում կանցկացվի էլեկտրոնային բովանդակության համահայկական 5-րդ մրցույթը

Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 25-ը Երևանում կանցկացվի էլեկտրոնային բովանդակության համահայկական 5-րդ մրցույթը` նվիրված հայոց տպագրության 500-ամյակին: Մրցույթի նպատակն է բացահայտել հայկական էլեկտրոնային բովանդակության ոլորտի 2009-2010 թվականների նվաճումները: Միջոցառումը կարող է միջազգային ասպարեզում ներկայանալու հրաշալի հարթակ լինել ոլորտի արտադրողների համար:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս մրցույթում նախատեսված է Համաշխարհային գագաթաժողովի մրցանակաբաշխության (ՀԳՄ/WSA) կանոնակարգով սահմանված ութ անվանակարգ` էլ.ուսուցում, էլ.առողջապահություն, էլ.գիտություն, էլ.մշակույթ, էլ.ժամանց, էլ.բիզնես, էլ.կառավարում և էլ.ներգրավում:

Մրցույթի արդյունքում հաղթող կճանաչվեն ոչ միայն բացարձակ ցուցանիշով ամենաբարձր միավորներ հավաքած լավագույն տասնվեց աշխատանքները, այլև յուրաքանչյուր անվանակարգում լավագույնը ճանաչված երկու աշխատանք: Լավագույն 16-ը կարժանանան դրամական պարգևի, իսկ մրցույթի անվանակարգային հաղթողները կստանան համաշխարհային ամենահեղինակավոր մրցույթին մասնակցելու ուղեգրեր: Ինչպես և անցյալ մրցույթներում, այս տարի նույնպես հաղթողները կարժանանան խոշոր դրամական պարգևների՝ մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է մոտավորապես 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Դրամական մրցանակ է սահմանված (300,000-ական դրամ) նաև ամենաբարձր գնահատված 8 աշխատանքի համար: Հաջորդ ութ տեղերը գրաված աշխատանքներից յուրաքանչյուրի համար սահմանված դրամական մրցանակը կազմում է 150,000-ական դրամ: Մրցույթի կազմակերպիչներն են Հայաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամը և Էլ.բովանդակության ասոցիացիան (ԷԼԲԱ): Հովանավորներն են` ՀՀ կառավարությունը, Հայաստան համահայկական հիմնադրամը և «Այքան քոմունիքեյշնս» ընկերությունը: Միջոցառման գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը:

Էլեկտրոնային բովանդակության համահայկական անդրանիկ մրցույթը կազմակերպվել է մաշտոցյան գրերի գյուտի 1600 ամյակի առիթով, 2003 թ. և կրել «Մաշտոց 1600» խորագիրը: Նախորդ չորս մրցույթին ներկայացվել է ավելի քան 800 մուլտիմեդիա աշխատանք: Հաղթողները հնարավորություն են ստացել ներկայանալու Ժնևում (2003 թ), Թունիսում, (2005 թ.), և Դելիում (2007թ) կայացած Համաշխարհային գագաթաժողովի մրցանակաբաշխություններին (WSA-WORLD SUMMIT AWARD), որտեղից Հայաստանի մասնակիցները տուն են վերադարձել միջազգային երեք մրցանակով: