25 նոյեմբերի 2010 - 17:42 AMT
Երևանում Հնդկական մշակութային գիշեր 2010 անցկացրին

Հայաստանում բնակվող հնդիկների կողմից իրենց հայ ընկերների հետ միասին հնդկական «Դիվալի» տոնի նշումն ամենամյա ավանդույթ է դարձել: «Դիվալին» կամ «կրակների փառատոնը» Հնդկաստանում նշվող ամենակարևոր հնգօրյա փառատոններից մեկն է հոկտեմբերի կամ նոյեմբերի կեսին:

«Նոյեմբերի 13-ին Երևանում նշվում էր մեկ այլ տոն` «Հնդկական մշակութային գիշեր 2010»: Միջոցառումը կազմակերպվել էր Երևանի Պետական Բժշկական Համալսարանի հնդիկ ուսանողների, ինչպես նաև Facebook սոցիալական կայքի «India-Armenia friendship» (Հայ-հնդկական բարեկամություն) խմբի կողմից»,- հաղորդել են PanARMENIAN.Net-ին:

Դա երկու մեծ մշակույթների համադրությունը տեսնելու հիանալի հնարավորություն էր: Հնդիկ և հայ ուսանողները ներկայացրեցին վառ ծրագիր` հնդկական խոհանոցով և պարերով: Հայ ուսանողուհիները, որոնք հնդկերեն են ուսումնասիրում Երևանի Վ.Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանում, յուրահատուկ շոու ներկայացրեցին սարիով: