Երևանում բացվեց հայ մեծ նկարիչ Վարդգես Սուրենյանցի ցուցահանդեսը

Երևանում բացվեց հայ մեծ նկարիչ Վարդգես Սուրենյանցի ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվեց հայ նշանավոր նկարիչ, նկարազարդող, բեմանկարիչ, թարգմանիչ Վարդգես Սուրենյանցի ցուցահանդեսը` նվիրված վարպետի 150-ամյակին: Ինչպես իր խոսքում նշեց Ազգային պատկերասրահի գիտաշխատող, տնօրենի տեղակալ Հասմիկ Հարությունյանը, ցուցահանդեսում ներկայացված են նկարչի աշխատանքներ տարբեր թանգարաններից, այդ թվում` Հայաստանի Պատմության թանգարանից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանից, Սարդարապատի թանգարանից, Էրմիտաժից: «Սուրենյանցի կյանքի օրոք միայն մեկ անհատական ցուցահանդես կայացավ 1901 թվականին Բաքվում, հաջորդ ցուցահանդեսները տեղի ունեցան արդեն նրա մահից հետո, այդ թվում` 1960 թվականին նկարչի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը»,- պատմեց փոխտնօրենը` առանձնապես նշելով, թե որքան կարևոր է հենց այս ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են 200 աշխատանքներ` գեղանկարչություն, գրաֆիկա, թատերական բեմադրությունների էսքիզներ:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին շնորհավորեց բոլորին ցուցահանդեսի բացման կապակցությամբ և ընդգծեց, որ այս միջոցառումն առաջին տեղում է Սուրենյանցի տարվա շրջանակներում: «Այն փաստը, որ այս հոբելյանին նվիրված միջոցառումների անցկացման համար հատուկ հանձնաժողով է ստեղծվել, վկայում է այն դերի մասին, որը խաղում է Սուրենյանցը Հայաստանի համար: Շատ կարևոր է վերաիմաստավորել Վարդգես Սուրենյանցի ժառանգությունն ու նրա ստեղծագործությունը ներկայացնել ողջ աշխարհին, քանի որ այս մեծ նկարիչը համաշխարհային արվեստի լավագույն վարպետներից մեկն է»:

Ցուցահանդեսի բացման շրջանակներում ցուցադրվեցին Սուրենյանցի կյանքի և ստեղծագործության մասին պատմող երկու վավերագրական ֆիլմեր, արվեստաբան Մարտին Միքայելյանը հյուրերին ներկայացրեց նկարչի դերը հայկական արվեստի պրիզմայում, իսկ Ազգային պատկերասրահի գրաֆիկայի բաժնի գիտաշխատող Վիկտորիա Բադալյանն արվեստը գնահատողներին ծանոթացրեց Սուրենյանցի գրաֆիկական աշխատանքների նոր ալբոմին, որը լույս է տեսել այս տարի:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---