27 նոյեմբերի 2010 - 16:13 AMT
2011 թվականին ՀՖՖ-ն 899 մլն դրամ եկամուտ կունենա

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նիստում ՀՖՖ գլխավոր տնօրեն Արմեն Մինասյանը ներկայացրեց Ֆեդերացիայի եկամուտներն ու ծախսերը 2008թ. նոյեմբերից 2010թ. նոյեմբեր: Երկու տարվա ընթացքում Ֆեդերացիայի բյուջեն կազմել է 5 մլրդ 82 մլն դրամ, որից 46% (2 մլրդ 294 մլն դրամ) հատկացրել է ՈՒԵՖԱ-ն: ՀՀ պետբյուջեից մոտավորապես 8 մլն դրամ է հատկացվել, մնացած ֆինանսները ստացվել են FIFA-ից, հովանավորներից, հեռարձակումից, տոմսերի վաճառքից:

«Բյուջեից 902 մլն դրամ ծախսվել է Հայաստանի հավաքականների համար, ազգային հավաքականը ստացել է 351 մլն դրամ: Ֆուտբոլային ակադեմիայի շինարարության համար ծախսվել է 3 մլրդ 139 մլն դրամ: ՀՖՖ-ն 150 մլն դրամ հարկ է վճարել: Ուզում եմ նշել, որ մեր երկրում ոչ մի այլ ֆեդերացիա այդ չափի հարկ չի վճարում: Եղել են նաև այլ ծախսեր, ընդհանուր առմամբ ողջ գումարից ծախսվել է 5 մլրդ 522 մլն դրամ, մնացել է 30 մլն»,- ասել է Մինասյանը:

Ֆեդերացիայի նախագահի և գործկոմի ընտրություններից հետո քննարկվեց և ընդունվեց 2011 թվականի բյուջեն: 2011 թվականին 899 մլն դրամ եկամուտ կլինի և 1 մլրդ 426 մլն դրամ ծախսեր: Մինասյանի խոսքով, բյուջեն 500 մլն դրամի պակասուրդ ունի: