29 նոյեմբերի 2010 - 11:11 AMT
Ջեյմս Ջեֆրի. Թուրքիան ունակ չէ ավարտին հասցնելու արտաքին քաղաքական նախաձեռնությունները

2010թ. հունվարի 20-ին գաղտնի զրույցում Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրին ներկայացրել է Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ իր վերլուծությունը, որտեղ մտահոգություն է հայտնել առ այն, որ Թուրքիան «ունակ չէ ավարտին հասցնելու արտաքին քաղաքական նախաձեռնությունները»: Ամերիկացի դիվանագետը, մասնավորապես ընդգծել է, որ Թուրքիայի ԱԳ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն շարունակում է դիվանագիտական ու ռազմական նախաձեռնությունները փոխարինել ճարտասանությամբ: «Ամերիկա-թուրքական հարաբերությունները շատ են ազդում նաև Իրանի հետ Թուրքիայի հարաբերությունների վրա՝ ԱՄՆ-ի կամ ՄԱԿ-ի կողմից Թեհրանի հանդեպ հնարավոր պատժամիջոցների լույսի ներքո: Այդ ազդեցությունն իր կարևորությամբ զիջում է միայն հայ-թուրքական արձանագրություններին», ասել է Ջեֆրին, գրում է WikiLeaks կայքը:

Wikileaks կայքը հայտարարել էր, որ մտադիր է ընթացիկ հանգստյան օրերին հրապարակել «ԱՄՆ գաղտնի նամակագրությունը արտերկրի կառավարությունների հետ»: Հրապարակված փաստաթղթերը հիմնականում վերաբերում են ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների հարաբերություններին, սակայն որոշ քայլեր վերաբերում են ԱՄՆ-ի ու Ասիայի երկրների կապերին:

Ըստ Twitter սոցիալական ցանցի, Wikileaks կայքը արգելափակվել էր հաքերների հարձակման պատճառով: Ինչպես ասվում է կայքի միկրոբլոգում, մի շարք թերթեր, այդ թվում իսպանական Pais-ը, ֆրանսիական Monde-ը, ինչպես նաև Guardian-ն ու New York Times-ը արդեն նոյեմբերի 28-ի երեկոյան սկսել են հրապարակել ԱՄՆ դեսպանների բազում գաղտնի հեռագրեր:

2010թ. WikiLeaks-ը արդեն երկու անգամ հրապարակել է ամերիկյան կառավարության ծառայողական փաստաթղթերը, որոնք վերաբերում էին Պենտագոնի գործունեությանն Իրաքում ու Աֆղանստանում: