Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղին

Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին Լոս Անջելեսից ժամանել է Փարիզ: Նոյեմբերի 27-ին նախագահը հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանի հետ:

Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղին և նրա ղեկավարին` Եվրոպայում «Հեռախոսամարաթոն-2010»-ի աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու համար: Հանդիպման ժամանակ արծարծվել են նաև մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նույն օրը երկրի ղեկավարը մասնակցել է Ֆրանսահայ բժիշկների միության տարեկան հավաքին:

Նախագահը երախտագիտություն է հայտնել ներկաներին` Արցախին մշտապես սատարելու համար, նշելով, որ միությունը կարևոր դեր ունի մեր հանրապետությունում բժշկության զարգացման գործում:

Քննարկվել են նաև առողջապահության ոլորտում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

Միջոցառումներին մասնակցում էին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը և Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 28-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր տաճարում մասնակցել է կիրակնօրյա պատարագին, որը մատուցել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 28-ին Փարիզում հանդիպում է ունեցել գործարար և բարերար Վարդան Սիրմակեսի հետ:

Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---