29 նոյեմբերի 2010 - 14:25 AMT
ԱՄՆ-ն ոչ մի պատճառ չունի Հայաստանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու համար

ԱՄՆ-ն ոչ մի հիմք չուներ Հայաստանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ մեկնաբանելով Հայաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր կիրառման մասին (իբր Իրանին զենք վաճառելու համար) ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթի գաղտնազերծումը: «Դատելով հրապարակված նամակից, որն ուղարկվել է 2008թ., կարելի է ասել, որ ԱՄՆ-ն նպատակ ուներ զգուշացնել Երևանին հետագայում Իրանին զենք վաճառելու անթույլատրելության մասին: Հավանաբար, դա զգուշացում էր Վաշինգտոնի կողմից»,-ասել է Մանոյանը՝ հավելելով, որ Հայաստանը պաշտոնապես հերքել է Թեհրանին զենք մատակարարելու մասին տեղեկատվությունը:

Այն հարցին, թե կարող է արդյոք այս նամակը ինչ-որ կերպ անդրադառնալ հայ-իրանական հարաբերությունների վրա, Մանոյանն ասել է, որ Վաշինգտոնին մտահոգում է տնտեսական համագործակցությունը Երևանի ու Թեհրանի միջև, քանի որ ԱՄՆ-ն ցանկանում է լիովին մեկուսացնել Իրանին: Ըստ Մանոյանի, համագործակցությունը Հայաստանի ու Իրանի միջև տնտեսական ոլորտում չի ենթադրում պատժամիջոցների կիրառում ԱՄՆ կողմից:

Ինչպես հայտնում է Wikileak կայքը, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Նեգրոպոնտեն 2008թ. նամակ է հղել ՀՀ կառավարությանը, որտեղ մտահոգություն է հայտնել Իրանին զենք վաճառելու առնչությամբ: «Չնայած մեր երկրների միջև հաստատված սերտ հարաբերություններին, ոչ ԱՄՆ վարչակազմը, ոչ ԱՄՆ Կոնգրեսը չեն կարող անտարբեր մնալ այս հարցում: Այս հարցը կքննարկվի Հայաստանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը որոշելու համար»,-գրում է Նեգրոպոնտեն: