29 նոյեմբերի 2010 - 15:43 AMT
Ադրբեջանի նախագահը չի վստահում Թուրքիային, կարծում է թուրք դիվանագետը

Թուրքիայի ԱԳ փոխնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիլյամ Բերնսի հետ 2010-ի փետրվարի 18-ին կայացած հանդիպման ժամանակ կոչ է արել միաժամանակ վավերացնել Հայ-թուրքական արձանագրությունները և ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Ինչպես հայտնում է WikiLeaks-ը, նա նշել է, որ կառավարությունը ստիպված է եղել հաղթահարել իշխող կուսակցության պատգամավորների ընդդիմությունն արձանագրությունների հնարավոր վավերացմանը: Սինիրլիօղլուն նաև նախազգուշացրել է, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը կարող է բարդացնել թուրքական կառավարության ներքաղաքական հաշվարկներն Արձանագրությունների վավերացման վերաբերյալ: «Եթե հնարավոր լինի ինչ-որ ընդունելի բան գտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար, ապա մենք կարող ենք առաջ անցնել հայ-թուրքական հարաբերություններում: Մենք առաջարկում ենք մեր աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների համաձայնեցման համար»,- նշել է Սինիրլիօղլուն: Նա նաև նշել է, որ Ալիևը գազի տարանցման մասին համաձայնությունը դարձրել է Հայ-թուրքական արձանագրությունների գերին: