29 նոյեմբերի 2010 - 20:01 AMT
Ադրբեջանի նախագահի աշխատակազմը չգիտի, թե ինչպես բացատրել Ալիևի վրիպումները

«Վերջին օրերին WikiLeaks ինտերնետ կայքը սկսել է մի շարք տեղեկատվություններ տարածել: Առայժմ չէի ցանկանա որևէ բան ասել դրանց նշանակության մասին: Սակայն այնտեղ առկա որոշ տեղեկատվություն ինձ ապշեցնում է: Ապշեցնում է, որովհետև այնտեղ տեղ են գտել որոշ մտքեր, որոնք, իբր, հնչեցվել են Ադրբեջանի նախագահի կողմից իր հանդիպումների ժամանակ»,- հայտնել է նախագահի աշխատակազմի միջազգային հարաբերությունների բաժնի պետ Նովրուզ Մամեդովը: Խոսելով Իլհամ Ալիևի հանդիպումներին իր մասնակցության մասին` Մամեդովն ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսի հետ Ադրբեջանի նախագահի հանդիպումների ժամանակ Ալիևը չի խոսել երրորդ կողմի կամ պետության մասին:

Նրա կարծիքով, գոյություն ունեն ուժեր, որոնք փորձում են վատթարացնել տարբեր երկրների միջև հարաբերությունները և արդեն որոշակի փորձեր են կատարում այդ ուղղությամբ: Մամեդովը գտնում է, որ գագաթաժողովի անցկացման հետ այդ հաղորդագրությունների հրապարակման ժամանակագրական համընկնումը հարցեր է առաջադրում միջազգային հանրությանը, հաղորդում է 1news.az-ը: