Հայաստանում բացահայտվել է Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ համագործակցող 9 գործակալ

Հայաստանում բացահայտվել է Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ համագործակցող 9 գործակալ

PanARMENIAN.Net - Վերջին տարիներին Հայաստանում հայտնաբերվել է Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ համագործակցող 9 գործակալ, և բոլորն էլ դատապարտվել են երկարատև ազատազրկման, հաղորդում է Հայաստանի դատախազության մամլո ծառայությունը:

Պետական դավաճանության կամ լրտեսության առարկա է հանդիսանում ոչ միայն պետական գաղտնիք հանդիսացող նյութերի հավաքումը և տրամադրումը օտարերկրյա պետության հետախուզությանը, այլև՝ պետական գաղտնիք չհանդիսացող այլ տեղեկությունների հավաքումն ու հաղորդումը: Այլ տեղեկությունների ներքո օրենսդիրը և դատական պրակտիկան ճանաչում է տնտեսական, գիտական, քաղաքական, ռազմական, պետության պաշտպանունակությանը վերաբերող, այլ բնույթի ցանկացած տեղեկություն, որոնք թեև պետական կամ ռազմական գաղտնիք չեն կազմում, սակայն կարող են օգտագործվել ի վնաս Հայաստանի Հանրապետության: Պետական դավաճանության հանցագործության սուբյեկտ կարող է հանդիսանալ միայն ՀՀ քաղաքացին, իսկ լրտեսության՝ օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը:

Հայաստանի դատական մարմիններում վերջին տարիներին քննվել է այսօրինակ բնույթի 5 քրեական գործ՝ 9 անձի վերաբերյալ, ընդ որում՝ դրանցից Մուրադ Բոջոլյանը, Անդրեյ Մազիևը, Նինա Շիլինան, Իվետա Ֆիլկովան, Էդգար Ֆիլկովը և Ալեքսանդր Գասպարյանը, Գևորգ Հայրապետյանը, դատապարտվել են՝ պետական դավաճանության (ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդված), իսկ ՌԴ քաղաքացի Ռուստեմ Վալիախմետովը և ԻԻՀ քաղաքացի Բեհնամ Բաղերին դատապարտվել են լրտեսության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 302 հոդված): Նշենք, որ նշված բոլոր գործերով ներպետական ատյանները հիմնավորված են համարել առաջադրված մեղադրանքները: Մասնակի բացառություն է կազմում միայն Գ.Հայրապետյանի և Բ.Բաղերիի վերաբերյալ քրեական գործը, որի վերաբերյալ դատավճիռ կայացրել է միայն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, իսկ վերաքննիչ դատարանը դեռ չի սկսել քննությունը:

Եվրոդատարան հասել է մեկ բողոք՝ Մուրադ Բոջոլյանն ընդդեմ ՀՀ կառավարության, և մերժվել, քանզի Եվրոդատարանը գտել է, որ Բոջոլյանի կողմից նման տեղեկությունների հաղորդումը արտասահմանյան հետախուզական ծառայություններին իրական վտանգ էր ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգությանը և հիմք էր հանդիսանում նրան պատժելու համար: Հետևաբար դատարանը եզրակացնում է, որ Բոջոլյանին պատժի ենթարկելն ուներ սոցիալական սուր անհրաժեշտություն և որ դատապարտելու համար ներպետական դատարանների կողմից ներկայացված հիմքերը վերաբերելի և բավարար էին:

Մուրադ Բոջոլյանը ծնվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, ծագումով՝ հայ: Հայաստան է տեղափոխվել 1963թ-ին: Աշխատել է պետական ռադիոյում՝ որպես հաղորդավար և թուրքերենի թարգմանիչ, արտգործնախարարությունում` որպես Թուրքիայի բաժնի ղեկավար, իսկ 1996-1998թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմում՝ որպես թուրքերենի թարգմանիչ և Թուրքիայի գլխավոր մասնագետ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի համաձայն՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Բոջոլյանը, զբաղեցնելով բարձր պաշտոններ Հայաստանում և ազատ տիրապետելով հայերենին, ռուսերենին, թուրքերենին, հավաքագրվել է թուրքական «ՄԻԹ» սպաների կողմից: Այդ ընթացքում կապեր է հաստատել տարբեր թուրք լրագրողների հետ, թարգմանչական ծառայություններ մատուցել նրանց, ովքեր ուղղակիորեն կապված են եղել Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ: Մ. Բոջոլյանը կրել է «Զինդե» ծածկանունը:

Օրինական ուժի մեջ մտած դատավճռի համաձայն՝ նա թուրքական հատուկ ծառայությունների սպաներին տեղեկություններ է փոխանցել Հայաստանի ներքաղաքական վիճակի, Հայաստանի քաղաքական կուսակցությունների, դրանց անդամների հետ ունեցած զրույցների, Հայաստանում քրդական մտավորականության ասոցիացիայի մասին:

Մեկ այլ գործակալ` Նինա Շիլինան, Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում գտնվող իր բնակարանի փոխանակման արդյունքում 1988թ. մշտական բնակություն է հաստատել Ջերմուկ քաղաքում, հանդիսացել է ՀՀ քաղաքացի: 1993թ. փետրվարին Շիլինան ՌԴ-ում բնակվող իր որդուն այցելելու նպատակով մեկնել է Թբիլիսի, սակայն Ռուսաստան գնացքներ չմեկնելու պատճառով մնացել է երկաթուղային կայարանում, ընկել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալների տեսադաշտ: Վերջիններս նրան համոզել են ՌԴ մեկնել Բաքու քաղաքով, որտեղ հանդիպել է Ադրբեջանի ՆԳՆ-ի այսպես կոչված «Հայկական տեռորիզմի դեմ պայքարի» բաժնի աշխատակիցներին, հավաքագրվել նրանց կողմից և ստացել Հայաստանում դիվերսիոն և հետախուզական գործունեություն կատարելու հանձնարարություն: Համագործակցությունը ամրապնդելու և որպես գործակալի՝ նրա հուսալիությունը բարձրացնելու նպատակով Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցները Շիլինային առաջարկել են Բաքու բերել նաև նրա որդուն՝ խոստանալով լուծել ուսման հարցը, որի հետ Շիլինան համաձայնել է: Հետագայում նրա որդին ընդունվել է Բաքվի բարձրագույն ռազմածովային ուսումնարան:

Ադրբեջանի հատուկ ծառայությունների բաժնի աշխատակցից ստանալով Երևանի «Էրեբունի» կամ այլ հյուրանոցում դիվերսիա կատարելու առաջադրանքը՝ 1993թ. Բաքվից «Ռաֆիկ» անունով գործակալի հետ մեկնել են Թբիլիսի, այնուհետև՝ Երևան՝ իրենց հետ բերելով գործարանային պայմաններում փակված, թուրքական արտադրության մարգարինի երկու արկղ, որոնց մեջ տեղադրված է եղել գործարանային արտադրության «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ: Պայթուցիկ մեխանիզմը գործի էր դրվելու պայթուցիկ սարքն այլ մեխանիզմներին լարերով միացնելու միջոցով, սակայն նրանց կամքից անկախ պատճառներով, բարեբախտաբար, պայթյունը տեղի չի ունեցել:

ՀՀ քաղաքացի Անդրեյ Մազիևը 1999թ. հավաքագրվել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության հատուկ ծառայության կողմից, տվել համագործակցության մասին ստորագրություն և ընտրել է «Ֆրոլով» ծածկանունը: Պարզվել է, որ Մազիևը Ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ համագործակցության ընթացքում՝ 1999 թվականի հոկտեմբերից մինչև 2005 թվականի հունվարի 4-ը, այսինքն՝ մինչև բացահայտվելն ու ձերբակալվելը, ստացել է հանձնարարություններ, այդ թվում՝ պատրաստել ֆոտոփաստաթղթեր «Էրեբունի» օդանավակայանի վերաբերյալ, ինչպես նաև՝ լուսանկարել «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքագիծը, ինքնաթիռների կայանման վայրերը, հարակից շենքերը: Ադրբեջանցիների հատուկ ծառայության աշխատակիցներին առանձնապես հետաքրքրել է ՀՀ նախագահի՝ օդանավակայանից մեկնելու և ժամանելու գործընթացը՝ ինչպե՞ս է ՀՀ նախագահը բարձրանում օդանավ և իջնում շարժական աստիճաններով, ինչպե՞ս և ի՞նչ ուժերով է ապահովվում նախագահի օդանավը թռիչքի և վայրէջքի ժամանակ, օդանավակայանով ՀՀ նախագահի շարժակազմի ընթացքը, ինչպես նաև՝ նախագահի նստավայրը և բնակավայրը: Մազիևն այդ հանձնարարությունները հնարավորինս կատարել է, լուսանկարել է պահանջվածը, որը հետագայում քրեական գործով իրեղեն ապացույց է ճանաչվել: Երբ այդ լուսանկարների պատճենները հանձնել է հատուկ ծառայության աշխատակիցներին, վերջիններս չեն թաքցրել, որ դրանք հարկավոր են՝ ՀՀ նախագահի դեմ ահաբեկչական գործողություններ կազմակերպելու ծրագիրն իրականացնելու համար: Մազիևը 2005թ. դատապարտվել է ազատազրկման՝ 12 տարի ժամկետով:

ՌԴ քաղաքացի, ազգությամբ թաթար Ռուստեմ Վալիախմետովը 2006թ. դատապարտվել է ազատազրկման ՀՀ քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածով (լրտեսություն)՝ 11 տարի 6 ամիս ժամկետով: Նա 1992-94թթ. ընթացքում կամավորական հիմունքներով մասնակցել է արցախյան ազատամարտին: Մարտական գործողությունների ավարտից հետո մշտական բնակության է տեղափոխվել Մոսկվա, որտեղ ծանոթացել է ադրբեջանցի Օլեգ Կռիլովի հետ, որից նա 2005թ. առաջարկություն է ստացել Ադրբեջանի հատուկ ծառայության համար Հայաստանում հավաքել տարաբնույթ տեղեկություններ, մասնավորապես՝ լուսանկարել Հայաստանի տարածքում տեղակայված պետական հիմնարկների շենքերը, տները, փողոցները, կամուրջները, դրանց հիմքերը, Երևանի մետրոպոլիտենը, զորամասերը և այն ամենը, ինչը կարող էր հետաքրքրություն ներկայացնել հետախուզության համար:

Հատկանշական է այն, որ լրտեսության հիմնական շարժառիթը վերը նշված բոլոր գործերով եղել է նյութական շահը, սա բնորոշ է գրեթե բոլոր երկրներում այդ բնույթի հանցագործություն կատարած անձանց, շատ քիչ դեպքերում է լինում այլ շահ, օրինակ՝ գաղափարական: Հետախուզության և հակահետախուզության գործակալները, ինչպես նաև բացառություն չկազմող վերը նշված բոլոր գործերով լրտեսություն կատարած անձինք ունեցել են նախապես հորինված, ինչպես հետախուզության գործակալներն են ասում, «լեգենդ» և իրենց բուն գործունությունը փորձել են քողարկել կոմերցիոն, լրագրողական կամ այլ գործունեությամբ՝ օգտագործելով իրենց կենսագրությունը, մասնագիտությունը, նախկինում ունեցած արժանիքները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---