29 նոյեմբերի 2010 - 21:57 AMT
Վրաստանի իշխանությունները հրաժարվե՞լ են շփվել Հայաստանի իշխանությունների հետ

ԱՄՆ Պետդեպարտամետի վերջերս հրապարակված գաղտնի նամակներում նաև ներկայացված է իրավիճակը Հայաստանում 2008-ի օգոստոսի ռուս-վրացական պատերազմի համատեքստում: «Հայաստանի իշխանություններին ավելի շատ է սկսում վշտացնել վրացական կողմի անընկալունակությունը` ի պատասխան նրա հետ կապեր հաստատելու Հայաստանի ջանքերին»,- ասվում է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջողեֆ Փենինգտոնի` 2008-ի օգոստոսին ԱՄՆ Պետդեպարտամենտ ուղղված ծառայողական նամակում: «Առավել անհարգալից վերաբերմունքը, հնարավոր է, այն է, որ Վրաստանի ԱԳՆ ղեկավարն օգոստոսի 15-ին Հայաստանի տարածքով Վրաստան մեկնելիս հրաժարվել է մի քանի րոպեով երևանյան օդանավակայանում հանդիպել ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ»,- նշել է նա:

Փենինգտոնը նաև ասել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ենթարկվել է տեղի ԶԼՄ-ների քննադատությանը, կապված նրա հետ, որ «իբր» չի կարողացել զանգահարել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո: Փենինգտոնի խոսքերով, Սարգսյանը մի քանի անհաջող զանգերից հետո Սահակաշվիլուն նամակ է ուղարկել, որում ցավակցություն և աջակցություն է հայտնել վրացական կողմին: «Հայերը կարծում են, որ իրենց բարի մտադրություններն արժանացել են անիրավացի սառն ընդունելության»,- ասել է նա:

ԱՄՆ գործերի հավատարմատարը նաև հաղորդել է, որ օգոստոսի 15-ին նա շփվել է Հայաստանում Վրաստանի դեսպանի հետ այն բանից հետո, երբ գրություն է թողել Երևանի վրացական դեսպանատան ցավակցությունների մատյանում: Երբ Փենինգտոնը հակիրճ պատմել է Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման մասին, դեսպանն ասել է, որ արդեն մի քանի օր բանակցություններ է վարում Թբիլիսիի հետ նրա համար, որպեսզի Հայաստանի նախագահը կապ հաստատի Վրաստանի նախագահի հետ, սակայն բոլոր փորձերն ապարդյուն են եղել: ՀՀ-ում Վրաստանի դեսպանը հիասթափություն է հայտնել վրացական կողմից պատասխանի բացակայության առիթով, նա դա բացատրել է ավելի շատ իրավիճակի լարվածությամբ, քան հայերին նեղացնելու ցանկությամբ: