30 նոյեմբերի 2010 - 11:18 AMT
Պետդեպարտամենտը կպարզի ծառայողական նամակագրության արտահոսքի միջոցն ու պատճառը

Պետդեպարտամենտը կպարզի WikiLeaks-ում հրապարակված ծառայողական նամակագրության արտահոսքի միջոցն ու պատճառը, ինչպես նաև ամեն ինչ կանի, որպեսզի նման բան չկրկնվի: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Ըստ նրա, այդ հրապարակումը ԱՄՆ միջազգային հանրության հետ խաղաղ ու վստահելի հարաբերությունների հաստատմանն ուղղված քաղաքականության սաբոտաժ է:

«Ես հրահանգ եմ տվել պարզել ծառայողական նամակագրության միջոցն ու պատճառը, ինչպես նաև անել ամեն ինչ ապագայում նման դեպքերը կանխելու համար»,-ասել է Քլինթոնը՝ ելույթ ունենալով հատուկ հայտարարությամբ պետդեպարտամենտում: Ըստ նրա, գաղտնի փաստաթղթերի հրապարակումն ուղղված է ոչ միայն ԱՄՆ-ի դեմ, այլ նաև ողջ միջազգային հանրության: «Ես վստահ եմ, որ գործընկերային հարաբերությունները կդիմանան այս մարտահրավերին: Նախագահն ու ես գերակա ենք համարում նման հարաբերությունները, մենք հպարտանում ենք առաջընթացով, որին կարողացել ենք հասնել: Ես չեմ մեկնաբանի կամ հաստատի այն, ինչը, ենթադրաբար, գողացվել է Պետդեպարտամենտից: Սակայն, կարող եմ ասել, որ ԱՄՆ-ն խորապես ափսոսում է գաղտնի ցանկացած տեղեկատվության բացահայտման համար, այդ թվում մասնավոր բանավեճերի ու մեր դիվանագետների տված անձնական գնահատականների բացահայտման համար: Ես ցանկանում եմ հստակ հայտարարել, որ մեր պաշտոնական արտաքին քաղաքականությունը չի հաստատվում այդ հաղորդագրությունների հիման վրա, այն մշակվում է այստեղ՝ Վաշինգտոնում»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Նա նշել է նաև, որ որոնք էլ լինեն WikiLeaks-ի կողմից փաստաթղթերի տարածման դրդապատճառները, պարզ է, որ դա իրական ռիսկի է ենթարկում իրական մարդկանց: «Ամերիկացի դիվանագետները կատարում են այն աշխատանքը, որը մենք ակնկալում ենք: Նրանք օգնում են բացահայտել և կանխել հակամարտությունները: Նրանք ջանադրաբար աշխատում են ամեն օր, լուծելու համար լուրջ խնդիրներ՝ պայքար միջազգային հանցավորության դեմ, մարդու իրավունքների պաշտպանություն, համաշխարհային տնտեսության կայունություն: Սա է այն դերը, որ կատարում է Ամերիկան ամբողջ աշխարհում: Վերջին օրերին ես խոսել եմ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող իմ բազմաթիվ գործընկերների հետ և մենք բոլորս համաձայնվել ենք, որ շարունակելու ենք աշխատել այն խնդիրների վրա, որոնք հարկավոր են բոլորին: Ելնելով դրանից, Օբաման և ես նախկինի պես հավատարիմ ենք մնում մեր գործընկերների հետ արդյունավետ համագործակցությանը, մենք ձգտում ենք ստեղծել լավագույն աշխարահ բոլորի համար: