30 նոյեմբերի 2010 - 13:13 AMT
ԵԱՀԿ գագաթնաժողովը կարևոր քայլ կդառնա ղարաբաղյան հակամարտության լուծման համար

Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկումն Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովում կարևոր քայլ կդառնա այդ հիմնախնդրի լուծման ճանապարհին, հայտնել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, «Ադրբեջան-Թուրքիա» բարեկամության միջխորհրդարանական խմբի համանախագահ Մուսթաֆա Քաբաքչին:

«Այս խնդիրը վաղ, թե ուշ կգտնի իր լուծումը: Գտնում եմ, որ այս գագաթաժողովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ կատարված կարևորագույն քայլերից մեկը կդառնա»,- ասել է Քաբաքչին: Նրա խոսքով, Թուրքիան բոլոր միջազգային ֆորումներում բարձրացնում է ղարաբաղյան հիմնահարցը` ավելացնելով, որ պաշտոնական Անկարան գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը հակամարտության շուտափույթ կարգավորման համար, գրում է Day.az-ը:

Դեկտեմբերի 1-2 Աստանայում տեղի կունենա ԵԱՀԿ գագաթաժողովը, որը կհավաքի Կազմակերպության 56 անդամ երկրների և 12 գործընկեր երկրների նախագահներին ու վարչապետներին, ինչպես նաև 68 միջազգային կազմակերպությունների ղեկավարների: