30 նոյեմբերի 2010 - 14:04 AMT
Դավութօղլու. Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը, սակայն Ղարաբաղում իրավիճակի սրման պարագայում սահմանը կրկին կփակվի

Եթե նախկինում 20-րդ դարասկզբի իրադարձությունները հերքվել են, ապա այժմ մենք չենք հերքում, որ Թուրքիայում հայերի հետ աղետալի իրադարձություններ են տեղի ունեցել, նոյեմբերի 29-ին Վաշինգտոնում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: «Ստորագրելով արձանագրությունները` Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման տեսանկյունից ևս մեկ քայլ առաջ է գնացել: Ընդամենը 10 տարի առաջ Թուրքիայում չէր խոսվում հայկական հարցի մասին, այժմ մեր հասարակությունն ազատորեն քննարկում է այն»,- նշել է նա:

Դավութօղլուն գտնում է, որ թուրքերի կամ հայերի պատճառով չէ, որ երկու ժողովուրդների միջև խնդիրներ են առաջացել, ցեղասպանության պատճառը Օսմանյան կայսրության փլուզման ընթացքում ազգայնական շարժումների ակտիվացումն է: «Իրադարձություններից ընդամենը մեկ տարի առաջ` 1914-ին Թուրքիայում հայ նախարարներ կային, եվրոպական մի շարք մայրաքաղաքներում Թուրքիան ներկայացվում էր ազգությամբ հայ դեսպանների կողմից, իսկ օսմանյան աղբյուրներում հայերը հիշատակվում էին որպես «ամենահավատարիմ հպատակներ»: 1915-ը կարևոր տարեթիվ է հայերի համար, սակայն պետք է հիշել, որ այդ նույն տարվա ընթացքում շուրջ 250 000 թուրք է զոհվել ռազմաճակատներից միայն մեկում, որոնց թվում էր նաև պապս»,- ասել է Դավութօղլուն:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, թե չի ուզում արդարացնել որևէ սխալ: «Եթե եղել են սխալներ, ապա դրանց մասին պետք է խոսել: Պետք է հիշել, որ խոսում ենք պատմական մի ժամանակաշրջանի մասին, որի ընթացքում քաղաքական կարգ ու կանոնը բացակայում էր Թուրքիայի ողջ տարածքում»,- նկատել է նա, հաղորդում է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը: Դրա հետ մեկտեղ Դավութօղլուն «ափսոսանք» է հայտնել, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, «որով բացառեց պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը, ինչը կարևոր էր Թուրքիայի համար»: Նրա կարծիքով, Անկարայի տեսանկյունից հայ-թուրքական արձանագրությունների նպատակներն են բարելավել հարաբերությունները Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջև, հասնել հարաբերությունների նորմալացման հայ և թուրք ժողովուրդների միջև ամբողջ աշխարհում, կայունություն հաստատել կովկասյան տարածաշրջանում: Ահմեդ Դավութօղլուն կրկին հայտարարել է, որ համաձայնագրերի շուրջ փոփոխություն չի լինի, քանի դեռ առաջընթաց չի արձանագրվել Լեռնային Ղարաբաղի հարցում: «Այսինքն, եթե նույնիսկ արձանագրությունները հաստատվեն առանց հայ-ադրբեջանական համաձայնության, ապա իրավիճակի սրման պարագայում Թուրքիան կրկին փակելու է սահմանը», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը: