30 նոյեմբերի 2010 - 14:22 AMT
WikiLeaks-ի հրապարակած փաստաթղթերից 7 հազար 918-ը պատկանում են Թուրքիայում ԱՄՆ դեսպանատանը

WikiLeaks-ի հրապարակած փաստաթղթերից 7 հազար 918-ը պատկանում են Թուրքիայում ԱՄՆ դեսպանատանը: Ըստ այդ փաստաթղթերի, ամերիկացի դիվանագետները մի կողմից պնդում են, թե Թուրքիայի արտաքին քաղաքականությունը միտված չէ ապագային, մյուս կողմից նշում են, որ Թուրքիայի վարած քաղաքականությունը մտահոգում է իրենց: Ասվում է, որ Սպիտակ տունն արդեն կասկածում է Արդարության ու զարգացման կուսակցության հուսալիությանը:

Ամերիկացի դիվանագետների հեռագրերում ասվում է, որ ԱԶԿ-ն տատանվում է Արևմուտքի ու Արևելքի միջև: Նրանք բնութագրել են Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին որպես վտանգավոր քաղաքական գործչի: Ամերիկացի դիվանագետների կարծիքով, Թուրքիայի արտաքին քաղաքականությունն անհեռատես է: Մեկ այլ փաստաթղթում մտավախություն է հայտնվում առ այն, որ Թուրքիան փորձում է վերածնել հարևան երկրների հետ հարաբերությունների «օսմանյան մոդելը»:

Ամերիկացի դիվանագետները բնութագրում են վարչապետ Էրդողանին որպես շատ աշխատունակ մարդու և քաղաքական գործչի, որի աշխարհի ընկալումը համընկնում է Աթաթուրքի ընկալման հետ:

ԱՄՆ դիվանագետներից մեկը, որի անունը չի նշվում, նշում է, որ Էրդողանը որպես հաջողություն չի գնահատում ընտրություններում ստացած 50 տոկոսը:

Գաղտնի փաստաթղթերում ասվում է նաև, որ Վաշինգտոնը սատարում է PKK-ին, իսկ Անկարան չի խոչընդոտում դրամական միջոցների փոխանցմանը Իրաքում գտնվող Ալ Քաեդայի ճյուղին: Ըստ Եվրոպայում ԱՄՆ դեսպանների, Թուրքիան չի անդամակցի ԵՄ-ին: Եվ պատճառը նրա բնակչության քանակն է ու կրոնը:

Հրապարակված փաստաթղթերի թվում կա նաև փաստաթուղթ, որտեղ նկարագրվում է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնի հանդիպումը Ֆրանսիայի նախագահի արտաքին քաղաքականության գծով խորհրդական Դևիդ Լևիտի հետ, որը նշել է, որ նրանք կողմ են Թուրքիային արտոնյալ գործընկերի կարգավիճակի շնորհման և հավելել է, որ բանակցություններում նոր դրույթների քննարկմանը խոչընդոտում է Կիպրոսի խնդիրը:

Փաստաթղթերից մեկում ասվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի ցանկանում, որ Թուրքիան էներգետիկ միջանցք դառնա, և որ Ալիևը անհաճող արտահայտություններ է թույլ տվել Թուրքիայի կառավարության հասցեին: