30 նոյեմբերի 2010 - 14:33 AMT
ACBA-CREDIT AGRICOLE BANK-ի ղեկավարը կոչ է անում չխանգարել արտասահմանյան ներդրողներին

Հայաստանում կան բոլոր նախադրյալներն ուղղակի արտասահմանյան ներդրումների իրագործման համար, կարծում է ACBA-CREDIT AGRICOLE BANK-ի գլխավոր տնօրեն Ստեփան Գիշյանը: Նրա խոսքերով, արտասահմանյան ներդրումների հոսքը դեպի Հայաստան դրական է ազդում նրա տնտեսության վրա, իսկ «վարակիչ օրինակ կարող է լինել բանկի համագործակցությունը Credit Agricole ֆրանսիական բանկային խմբի հետ», որը սկսվել է 2006-ին: «4 տարվա ընթացքում մեզ հաջողվել է Հայաստանի բանկային համակարգում գրավել առաջատար դիրքեր բոլոր ցուցանիշներով» ,- ասել է նա Երևանում` ելույթ ունենալով «Ուղղակի արտասահմանյան ներդրումները Հայաստանում» թեմայով խորհրդաժողովում: Մասնավորապես, բանկի աշխատողների քանակը 250-ից դարձել է 900, մասնաճյուղերի քանակը 12-ից դարձել է 40, ավելացել է բանկի կապիտալը` հասնելով 100 մլն դոլարի, 4 տարվա ընթացքում շահույթն ավելացել է 10 անգամ` հասնելով 10 մլն դոլարի:

Գիշյանի խոսքերով, Հայաստանում ներդրումներ կատարելը շահավետ է, քանի որ կան հատվածներ, որոնք թույլ են զարգացած կամ գրեթե զարգացած չեն, և հավելել է, որ «պետք չէ խանգարել ներդրողներին»: