30 նոյեմբերի 2010 - 16:31 AMT
Արմեն Մարտիրոսյան. Հարկավոր է պահպանել բալանսը ընդդիմության և իշխանության անդամների միջև տեղական ընտրական հանձնաժողովներում

Միջազգային փորձագետների մասնակցությամբ ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների շուրջ Երևանում կայացած քննարկումներում «Ժառանգություն» կուսակցության գրեթե բոլոր առաջարկներն ընդունելի էին արտերկրից ժամանած մասնագետների համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱԺ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա, փորձագետները չեն համաձայնվել միայն նրա հետ, որ քվեարկությունից հետո հրապարակվեն քվեարկածների բոլոր ցուցակները:

Մարտիրոսյանը կարևոր է համարել նաև բալանսի պահպանումը ընդդիմության և իշխանության անդամների միջև տեղական ընտրական հանձնաժողովներում: Ըստ նրա, դա թույլ կտա խուսափել ՀՀ ղեկավարության վերահսկողությունից հանձնաժողովների նկատմամբ: «Վստահված անձիք պետք է օժտված լինեն նույն լիազորություններով, ինչ հանձնաժողովների անդամները»,-ասել է նա, հավելելով, որ դա թույլ կտա արտախորհրդարանական ընդդիմությանը հետևել քվեարկության գործընթացին: Մարտիրոսյանն առաջարկել է նաև երկրում կիրառել 100-տոկոսանոց համամասնական ընտրական համակարգ: