30 նոյեմբերի 2010 - 16:42 AMT
Լիտվան խոստանում է, որ սառեցված հակամարտությունները ԵԱՀԿ-ում իր նախագահության առաջնայնություններից են լինելու

Լիտվան խոստանում է, որ սառեցված հակամարտությունները ԵԱՀԿ-ում իր նախագահության առաջնայնություններից են լինելու: Այդ մասին հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահության ստանձնման (2011թ. հունվար) նախաշեմին:

«Մենք տեսնում ենք, թե ինչպես են չլուծված հակամարտությունները խանգարում այդ երկրների զարգացմանը և եվրոպական ինտեգրմանը»,-ասել է Աժուբալիսը:

«Հարկավոր է առավելագույնս օգտագործել բանակցությունների ձևաչափերը: Հարավային Կովկասի դեպքում դա Ժնևի բանավեճերն են ու ԵԱՀԿ Մինսկի խումբը: Մենք լիովին վստահում ենք այդ ձևաչափերին և մեր պարտքն ենք համարում նրանց անխափան գործունեության ապահովումը»,-ասել է Աժուբալիսը:

Լիտվայի ԱԳՆ ղեկավարը որոշել է Գեդրյուս Չեկուոլիսին նշանակել սառեցված հակամարտությունների գծով իր ներկայացուցչի պաշտոնում, իսկ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրշիկը կշարունակի աշխատել ՄԽ-ի հետ, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: