ArmNet Awards-ի որոշ մասնակիցների անբարեխղճության պատճառով ժյուրիի դատին կհանձնվեն բոլոր 640 կայքերը

ArmNet Awards-ի որոշ մասնակիցների անբարեխղճության պատճառով ժյուրիի դատին կհանձնվեն բոլոր 640 կայքերը

PanARMENIAN.Net - ArmNet Awards մրցույթի ժյուրիի որոշմամբ, մրցույթի երկրորդ փուլին կմասնակցեն ոչ միայն հանրային քվեարկությամբ առաջին 75 տեղերը զբաղեցրած կայքերը, այլ մրցույթին մասնակցած բոլոր կայքերը : Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել SP Marketing Solutions-ում, մրցույթին մասնակցեցին 640 կայքեր Հայաստանից և Սփյուռքից: Քվեարկության փակման պահին կայքում գրանցվել է 121,421 քվե:

Հարկ է նշել, որ բազմաթիվ կայքեր հանրային քվեարկության ընթացքում քարոզչական և խրախուսական միջոցառումներ են իրականացրել սոցիալական ցանցերում և իրենց կայք-էջերում` նպաստելով իրենց օգտին քվեարկողների ձայների կտրուկ բարձրացմանը: Այսօրինակ քարոզչական արշավները շատ ուրախալի են և ցույց են տալիս, որ մրցույթը կարճ ժամանակում մեծ ժողովրդականություն է ձեռք բերել և կտրուկ ակտիվացրել է հայաստանյան ինտերնետ միջավայրը:

Սակայն քվեարկության ընթացքում գրանցվել են դեպքեր, երբ խախտվել է քվեարկության հիմնական կանոնը, որի համաձայն նույն անձը (օգտագործողը) մեկ կայքի օգտին մեկից ավելի անգամ չի կարող քվեարկել: Ինտերնետի հնարքներին տիրապետող որոշ մասնակից կայքեր, կիրառելով այս կամ այն մեթոդը, կարողացել են շրջանցել արգելքը և թույլ են տվել չարաշահումներ: Միևնույն ժամանակ համակարգը լիարժեք հնարավորություն չի տվել քվեարկել նրանց, ովքեր աշխատում են այնպիսի կազմակերպություններում, որտեղ ինտերնետի ելքն իրականացվում է մեկ IP-ով:

Հաշվի առնելով վերը նշվածը և առաջնորդվելով մրցույթն արդար և անաչառ անցկացնելու ցանկությամբ` կազմակերպիչները որոշում են կայացրել երկրորդ փուլում ժյուրիի դատին հանձնել ոչ միայն հանրային քվեարկությամբ առաջին 75 տեղերը զբաղեցրած կայքերը, այլ մրցույթին մասնակցած բոլոր կայքերը: Միաժամանակ կազմակերպիչները հայցում են այն մասնակից կայքերի ներողամտությունը, որոնք ազնվորեն են մասնակցել մրցույթին, ինչպես նաև` բոլոր քվեարկողների, ովքեր իրենց քվեն են տվել սիրելի կայքի օգտին: Ցանկանալով բացառել անարդար ընտրությունը` կազմակերպիչները վստահություն են հայտնում, որ պրոֆեսիոնալ ժյուրին ճիշտ կգնահատի յուրաքանչյուր կայքի արժանիքները և կբացահայտի լավագույններին:

Հաղթողների անունները հայտնի կդառնան դեկտեմբերի 4-ին` պաշտոնական մրցանակաբաշխության արարողություն ժամանակ:

Հիշեցնենք նաև, որ մրցանակաբաշխության օրը տեղի կունենա Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված “Աութսորսինգից մինչև նորարարություն” կոնֆերանս, որին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել facebook սոցիալական ցանցում:

ArmNet Awards ամենամյա մրցույթը, որն այս տարի անց է կացվում առաջին անգամ, տրվում է ինտերնետի հայկական սեգմենտի զարգացման մեջ զգալի ներդրումների համար: Մրցույթը կազմակերպված է SPMS ընկերության, Circle.am կայքի և Orange Armenia ընկերությունների կողմից, ՀՀ Էկոնոմիկայի Նախարարի բարձր հովանու ներքո:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---