1 դեկտեմբերի 2010 - 16:31 AMT
Երևանն ու Բաքուն բանակցում են ևս 2 գերիների փոխանակման մասի՞ն

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մշտապես բանակցում է ՀՀ և Ադրբեջանի իշխանությունների հետ բոլոր գերիների վերաբերյալ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԿԽՄԿ երևանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Աշոտ Աստաբացյանը: Ըստ նրա, դա ոչ հրապարակային երկխոսություն է: Նա չի հաստատել և չի հերքել ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկությունը, որ Երևանն ու Բաքուն բանակցում են ևս 2 գերիների փոխանակման մասին: Աստաբացյանն ասել է նաև, որ անհրաժեշտության դեպքում ԿԽՄԿ-ն կհայտնի ադրբեջանական գերության մեջ գտնվող հայերի մասին:

Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություններ են տարածել առ այն, որ ԿԽՄԿ-ն բանակցում է հայկական և ադրբեջանական կողմերի հետ գերիների փոխանակման շուրջ: Ինչպես հայտնում է 1news.az-ը, հղում անելով Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցիչ Շերին Պոլինիին, հայկական գերության մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայողն ու Ադրբեջանի տարածքում ձերբակալված քաղաքացիական անձը Հայաստանից, ցանկություն են հայտնել հայրենիք վերադառնալ: