Սերժ Սարգսյանն ու Հերման Վան Ռոմպոն Աստանայում քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մի շարք հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների և պատվիրակությունների ղեկավարների հետ: Նախագահ Սարգսյանը հանդիպել է Եվրամիության խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի, Մեծ Բրիտանիայի պատվիրակության ղեկավար, փոխվարչապետ Նիկ Քլեգգի և Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հետ:

Սերժ Սարգսյանը Եվրամիության խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում վիզային ռեժիմի մեղմացման, առևտրի ազատականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև մեր երկրում իրականացվող բարեփոխումներին ԵՄ հնարավոր աջակցությանը: Սերժ Սարգսյանը և Հերման Վան Ռոմպոն քննարկել են նաև Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի շուրջ հուլիսին մեկնարկած բանակցություներին վերաբերող հարցեր:

Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիկ Քլեգգի հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը զրուցել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունների ամրապնդմանն ու ներդրումների խրախուսմանը, Հայաստան-Եվրամիություն կապերի խորացմանն առնչվող թեմաների շուրջ:

Նախագահ Սերժ Սարգսյանի և Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-սերբական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:

Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը, Աստանայում այսօր երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունից` ի պատիվ ԵԱՀԿ գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների կազմակերպվելիք պաշտոնական ընդունելությանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---